Եթե ԱԺ-ն ընդունում է օրենքներ, հավանության է արժանացնում օրենսդրական նախաձեռնությունները, Հայաստանում բոլորը պարտավոր են հարգել դրանք:
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի գալիք քվեարկությանը, որը կայանալու է վաղը: Հիշեցնենք, որ նախագծի կարևոր կետերից մեկն այն է, որ ՀՀ զինված ուժերը կարող են օգտագործվել արտակարգ դրության ժամանակ:
Այն հարցին, թե արդյոք ՀՀ կառավարությունը չի պատրաստվում հետ կանչել օրինագիծն ԱԺ-ից` նկատի ունենալով, որ այն լուրջ դժգոհություն է առաջացրել քաղաքական դաշտում, վարչապետը պատասխանել է.
«Այն հարցադրումները, որոնք ներկայացվել են մեզ, ավելի շատ ունեն քաղաքական բովանդակություն: Դրանք ավելի շատ պայմանավորված են նախընտրական տրամադրություններով: Մեր լրամշակման իմաստը կայանում էր նրանում, որ բոլոր առաջարկությունները, որոնք վերաբերում են գրագետ իրավական ձևակերպումներին, որոնք հաշվի են առնում միջազգային փորձագետների կարծիքը… մենք հենց դա էլ ներառեցինք», – ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով` իրենք ըմբռնումով են մոտենում նրանց, որ, նախընտրական տրամադրությունների ներքո, իրենց ընդդիմախոսներն առիթը օգտագործում են քաղաքական դաշտի մեջ ինչ-որ փաստարկներ հնչեցնելու համար:
Վարչապետը նշել է, որ օրինագիծը համապատասխանում է միջազգային չափանիշներին, և, խոսելով իր գործընկերների մտահոգությունների մասին, ասել է, որ եվրոպացի փորձագետները օրինագծի առնչությամբ դրական եզրակացություն են տվել: