Home / Հայաստան / Թուրքիայի կաշառքները և Սարկոզիի ռիսկը, Մանոյանը կատարվածը աշխարհի վերջ չի համարում

Թուրքիայի կաշառքները և Սարկոզիի ռիսկը, Մանոյանը կատարվածը աշխարհի վերջ չի համարում

Այս փետրվարը ընդհանուր առմամբ լավ ամիս չի եղել Հայաստանի  խնդիրների համար, համոզված է  Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը` նշելով, որ սրանով «աշխարհի վերջը չի եկել»:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով երեկ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու փաստի մասին` բանախոսը հիշեցրել է, որ ինքը դեռ վաղուց զգուշացրել էր՝ եթե Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական համարի օրինագիծը, ապա սա չի լինի աշխարհի վերջը:

«Լավ լուրը այդ է», – հայտարարել է Մանոյանը:

Նրա հավաստմամբ` այս անգամ հաղթեցին Թուրքիայի քաղաքական ճնշումները, սպառնալիքներն ու կաշառքները, ինչը պատիվ չի բերում Ֆրանսիային:

«Սա Թուրքիային սիրաշահելու հարց էր ոչ միայն Ֆրանսիայի, այլև մի շարք երկրների համար: Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում կան մարդիկ, ովքեր  այսօր  մաս են կազմում թրքամետ կազմակերպությունների, ու կամ նախկին քաղաքական գործիչներ՝  իրավաբաններ, ովքեր դեմ են քվեարկել այս նախագծին»,- ասել է նա:

Ֆրանսիայի կողմից այս ամենը  քաղաքական խաղ չէր լինել, վստահ է Մանոյանը:

«Անգամ մեր ԱԺ-ն 12 ժամ չի քննարկել Ցեղասպանության հարցը, իսկ Ֆրանսիայնում այն քննարկվել է շուրջ 12 ժամ, ինչը թույլ է տալիս հավատալ, որ Սարկոզին նման ռիսկի չէր գնա: Նոր գործընթացը երկար կտևի, իսկ Սարկոզին դժվար թե այսքան կարճ ժամանակում հասցնի այս հարցին վերջնական լուծում տալ», – ասել է Մանոյանն ու ընդգծել, որ պետք է աշխատենք այդ ուղղությամբ ու մի օր,ի վերջո, կգա քաղաքական հարմար այն պահը, որ  կընդունվի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Մանոյանը նաև նշել է, որ Ֆրանսիայի հայ համայնքը ևս վստահեցրել է, որ  ամեն կերպ հասնելու է այս օրինագծի ընդունմանը: