Human Rights Association (IHD) իրավապաշտպան կազմակերպության Ստամբուլի ներկայացուցչությունը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Թուրքիայի Ներքին Գործերի նախարար Իդրիշ Նաիմ Շահինի: Կազմակերպությունը մեղադրում է նախարարին փետրվարի 26-ին Թուրքիայում անցկացված «Խոջալուի ջարդերի հիշատակը» ցույցի ժամանակ հակահայկական կարգախոսներին աջակցելու մեջ:
IHD-ի Ստամբուլի ներկայացուցչության ղեկավար Մերալ Չիլդիրը հայտնել է Hurriyet պարբերականին, որ թուրքահայ քաղաքացիները հանրահավաքից հետո դիմել են իրենց կազմակերպությանը` նշելով, որ իրենց վտանգված են զգում:
Չիլդիրի խոսքով` հանրահավաքի ժամանակ Շահինի ելույթը բացեիբաց աջակցություն էր նրանց, ովքեր ռասիտական պաստառներ էին կրում: Մասնավորապես, հավաքի ընթացքում հետևյալ կարգախոսներ են հնչել. «Դուք բոլորդ հայ եք, դուք բոլորդ տականքներ եք», «Այսօր Թաքսիմը (Ստամբուլի հրապարակ, որտեղ կայացել է հանրահավքը – խմբ.), իսկ վաղը Երևանը կնվաճենք»:
Միաժամանակ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ատելություն պարունակող պաստառները եզակի են եղել:
«Մի քանի առանձին պաստառներ չեն կարող մեր կարեկցանքն ու ցավը մի կողմ մղել: Մենք չենք մոռանա Խոջալուի ջարդերը և մենք թույլ չենք տա նրանց մոռանալ»,-ասել է Էրդողանը իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Այդուհանդերձ AKP-ի մեկ այլ պատգամավոր` Այհան Սեֆեր Ուսթյունը, ով միաժամանակ խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով ենթահանձնաժողովի ղեկավարն է, ասել է, որ այս պաստառները ռասիստական և խտրական են: Պատգամավորը կոչ է արել դատախազներին հետաքննել այդ դեպքերը:
«Օրենքը շատ հստակ է: Նրանք, ովքեր խտրականություն են քարոզում, պետք է պատժվեն», – ասել է խորհրդարանականը: