Երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և մի խումբ ճարտարապետների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարաչպետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Մաշտոցի այգում մշտական տաղավարներ չեն տեղադրվելու և դրանք տեղափոխելու են, փոխանցում է ՀՀԿ մամուլի ծառայությունը:
Վարչապետը նշել է, որ առկա է ՀՀ նախագահի հանձնարարականը` Մաշտոցի այգու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկման առարկա դարձնելու համար:
«Այդ ծրագիրը պետք է հաստատվի նաև կառավարության կողմից, որպեսզի վստահություն լինի քաղաքացիների մոտ, որ այդ խնդիրը կլուծվի: Ես, ընդհանրապես, մշտական տաղավարների տեղադրմանը դեմ եմ, և ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի այդ տաղավարները տեղափոխվեն: Մշտական տաղավարներ այգիներում չպետք է լինեն: Երևանում գոյություն ունի կանաչ տարածքների խնդիր և ինձ դուր չի գալիս, որ այնտեղ իրականացվում է կապիտալ շինարարությոն»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը նաև նշել է, որ Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը, ըստ որի` Հայաստանում այլևս ձևավորվել է քաղաքացիական հասարակություն, մեծ տպավորություն է գործել իր վրա: «Իշխանությունները պարտավոր են հանրությանը ներկայացնել իրենց որոշումների տրամաբանությունն ու անհրաժեշտությունը, լսել հանրության կարծիքը: Մենք պարտավոր ենք ամրապնդել քաղաքացիական հասարակությունը և մշտապես լինել երկխոսության մեջ հանրության հետ, այդ թվում նաև ճարտարապետական ոլորտում»,- ասել է վարչապետը:
Ճարտարապետները ողջունել են Տիգրան Սարգսյանի առաջարկը` մասնագիտացնել Հայաստանի քաղաքները և որոշ ֆունկցիաներ Երևանից տեղափոխել մարզեր: «Հայաստանի տարածքային համաչափ զարգացումը ևս իր մեջ ճարտարապետական ասպեկտ ունի: Երևանում են կենտրոնացվել բոլոր ֆունկցիաները, որը խանգարում է նաև տարածքների համաչափ զարգացմանը: Պետք է մտածենք, թե ինչպես բեռնաթափել մայրաքաղաքը»,- ասել է վարչապետը:
Տարոն Մարգարյանը նշել է, որ պատրաստ է համագործակցել ճարտարապետների միության հետ, գտնել մայրաքաղաքում առկա խնդիրների լուծումները:
«Համոզված եմ, որ Ձեզ հետ համագործակցության արդյունքում կտեսնենք այն Երևանը, որը ցանկանում ենք տեսնել: Երևանը պետք է լինի հարմարավետ մեր քաղաքացիների, բնակիչների համար»,- ասել է քաղաքապետը: