Ֆրանսիայի մարմնաշարժումները որևէ կապ չունեն Հայաստանի շահերի հետ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում մեկնաբանելով երեկ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու փաստը` ասել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Հայաստանի համար կարևոր են Թուրքիայի հետ հարաբերությունները: Ինչքա՞ն կարելի է մնալ ռուսների հույսին»,- ասել է քաղաքագետը:
«Սա թող դաս լինի Հայաստանի իշխանություններին, որ ջուրը չտեսած չբոբիկանան և նման հիմար վիճակում չհայտնվեն: Մենք` որպես ՀՀ քաղաքացիներ, թե Ֆրանսիայի խորհրդարանում օրինագիծն ընդունելուց, թե Սահմանադրական խորհրդի մերժելուց հետո պետք է զուսպ լինեինք»,- համոզված է Մեհրաբյանը:
Ըստ քաղաքագետի` Սահմանադրական դատարանի որոշումը պայմանավորված է ներֆրանսիական և ֆրանս-թուրքական հարաբերություններում ներկա իրավիճակով:
Հիշեցնելով Ալժիրի վարչապետի զգուշացումը Թուրքիայի վարչապետ Էրդողանին, թե պետք չէ ալժիրցիների թափած արյունը դարձնել քաղաքական շահարկումների առարկա` Մեհրաբյանը նկատել է, որ եթե «մեր իշխանությունները մի փոքր արժանապատվություն ունենային, նման շահարկումների տեղիք չէին տա»:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանի գնահատմամբ` Սահմանադրական խորհրդի որոշումը կարելի էր կանխատեսել` հետևելով դեռ Սենատում օրինագծի քննարկման ժամանակ հնչած կարծիքներին, որտեղ հնչել է տեսակետ, թե օրինագիծը հակասում է խոսքի ազատության սկզբունքին:
Հիշեցնենք, որ Սահմանադրական խորհուրդն իր որոշումը պատճառաբանել է նրանով, թե Ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը հակասում է 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխությունից հետո ընդունված «Մարդու և քաղաքացիների իրավունքների» հռչակագրի 6-րդ և 11-րդ կետերին, որտեղ նշվում է, որ մտքի և խոսքի արտահայտման իրավունքը ժողովորդավարության հիմնասյուներից է:
«Իհարկե, եթե երկրի ներսում էլ կար տարակարծություն օրենքի առնչությամբ, այն ավելի խոցելի էր արտաքին ճնշումների համար: Կար, հավանաբար, նաև Թուրքիայի ճնշումների գործոնը, ինչպես նաև Ֆրանսիայում ներքին գործոններ և, ինչպես ցանկացած այլ օրենք նախաձեռնելու դեպքում, քաղաքական վարկանիշը բարձրացնելու խնդիր»,- ասել է Մանվել Սարգսյանը:
Այնուհանդերձ, քաղաքագետը նկատել է, որ Ֆրանսիան Ցեղասպանության մասին օրենք ընդունելն առանցքային կարևորության հարց է համարում, ինչի մասին է վկայում այն, որ նախագահ Նիկոլա Սարկոզին արդեն խնդրել է կառավարությանը օրինագծի նոր տեքստ հեղինակել:
«Ֆրանսիացիները ավելի մեծ կարևորություն են տալիս այս հարցին, նրանք դա դիտում են որպես պետության ապագայի հետ կապված հարց: Ուստի ավելի լուրջ են խնդրին նայում, քան հայերը: Կարծում եմ` այլ օրենք կլինի ֆրանսիայի կողմից, ինչը, իհարկե, կարևոր կլինի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում»,- ասել է քաղաքագետը: