«Երկրապահ կամավորականների միությունը» (ԵԿՄ) հայտարարելով, որ անվերապահորեն լծվում է Սերժ Սարգսյանի ճռռացող սայլին` փաստորեն ինքնակամ հրաժարվեց «երկիրը պահելու» սուրբ առաքելությունից` այն փոխարինելով «Սարգսյանին պահելու» առաքելությամբ։ Գնահատելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին աջակցելու ԵԿՄ համագումարի փետրվարի 18-ին կայացրած որոշումը` Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահավաքին այսպես է ասել ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Թեև այս փաստը վշտացրեց ու վրդովեցրեց շատերին, բայց նման արձագանքն, իմ կարծիքով, այնքան էլ տեղին չէր, քանի որ անվայել այդ փոխակերպումն իրականում արտահայտում է ոչ թե ԵԿՄ-ի հազարավոր շարքային անդամների, այլ պատեհապաշտ նոմենկլատուրացված վերնախավի դիրքորոշումը, որին, ցավոք, հաջողվեց արատավորել երկրապահի պատիվը և պղծել Վազգեն Սարգսյանի ժառանգության ևս մի մասունքը։ Արձանագրելով, արդ, ԵԿՄ-ի, որպես հեղինակավոր հասարակական կազմակերպության տխուր վախճանը, պետք է մխիթարվել, սակայն, այն լուսավոր իրողությամբ, որ երկրապահների մեծ մասը, թե՛ միության ներսում, թե՛ նրանից դուրս, եղել, մնում է ու այսուհետև ևս կմնա ժողովրդի կողքին, որովհետև միությունը սոսկ կեղեւ է, իսկ երկրապահը՝ կենսակերպ ու կոչում։ Ուստի ես կխնդրեի հստակ տարբերակել հետևյալը. մի բան են բուն երկրապահները, և բոլորովին մի այլ բան՝ «Երկրապահների միությունը»:
Հետևաբար, միության նկատմամբ բացասական վերաբերմունքը ոչ մի դեպքում չպետք է տարածել երկրապահներից յուրաքանչյուրի կամ նրանց ամբողջության վրա», – ասել է Տեր-Պետրոսյանը: