Այսօր «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը «Մթնոլորտը փոխվել է» վերնագրված խմբագրականը սկսել է «Այսօր մարտի 1-ն է» բառերով: Աբրահամյանի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Այսօր մարտի 1-ն է, որը այլ`սովորական պարագաներում դիտվում է որպես գարնան աոաջին օր, սակայն մեր` հայաստանցիներիս ընկալմամբ շարունակում է մնալ որպես մեր նորագույն պատմության սև էջ։ Պատճառն, իհարկե, մարդկային 10 զոհերն են` հանգամանք, որը ոչ մի նորմալ մարդ չի մոռանա, եթե նույնիսկ իշխանությունը, ընդդիմությունը, Եվրոպայի խորհուրդը կամ ՄԱԿ-ը միաձայն պնդեն, թե այդ էջը շրջված է։ Ցուցարարների և ուժայինների բախումներ տեղի են ունենում գրեթե բոլոր երկրներում, լինում են նաև զոհեր, բայց զարգացած պետություններում, երբ իրավիճակը հանդարտվում է, կատարվում է քննություն, որի արդյունքում պարզվում է, թե որ քաղաքացին ինչի հետևանքով է սպանվել, իրավաչա՞փ էին ուժայինների գործողությունները, թե՞ ոչ։ Ոչ մի լրագրող, հրապարակախոս կամ քաղաքական գործիչ իրավասու չէ տալ այդ հարցի վերջնական պատասխանը` դա դատարանի խնդիրն է։ Բայց մեզ մոտ նման դատավարություններ չեն եղել։ Փոխարենը եղել են այլ դատավարություններ, որոնց արդյունքում պատժվել են, այսպես ասած, «անկարգությունների սադրիչները»:
Սակայն պարզել, թե ով ինչ է սադրել, շատ ավելի բարդ է, քան քննել, թե ով ում է սպանել։ Ես, օրինակ, հակված եմ մտածելու, որ պաշտոնական քարոզչությունը, «պատասխանատու» հեռուստաընկերաթյունները մինչև մարտի 1-ը նպաստել են անհանդուրժողականությանն ու փոխադարձ ատելությանը նույնքան, եթե ոչ ավելի շատ, քան ընդդիմությունը։ Եվ երբ ընտրություններից հետո Ազատության հրապարակում սկսվեցին ընդդիմության խաղաղ ցույցերը, դարձյալ մինչև մարտի 1-ը, այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ սպառնում էր ընդդիմադիրներին դատերով և բանտերով, ինչը, համաձայնեք, նույնպես չէր նպաստում իրավիճակի լիցքաթափմանը։ Այնպես որ` սադրելու հարցը ավելի շուտ քաղաքական է, քան իրավական։
Հենց այս` իրավական առումով «մարտի 1-ի» ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանության վրա, և այդ մեղքը ժառանգելու է ցանկացած նոր իշխանություն` այնքան ժամանակ, մինչև որ մարդասպանները չկանգնեն դատարանի առաջ։ Ինչ մնում է սադրանքներին, անկարգություններին, թշնամանք հրահրելուն և այլն, այսինքն՝ քաղաքական, բարոյական խնդիրներին, ապա պատասխանատվությունն այստեղ 50/50 է. թե´ նրանց, ում դրոշին գրված է «ով մեզ հետ չէ, նա տականք է» բոլշևիկյան կարգախոսը, թե՛ նրանց, ովքեր իրենց հեոուստաալիքներով ամիսներ շարունակ մաղձ էին թափում ընդդիմության վրա։
Դժվար չէ նկատել, որ այս` դարձյալ նախընտրական վիճակում մթնոլորտն էապես տարբեր է, և դա բոլոր քաղաքական ուժերի շնորհքն է։ Չեմ ուզում չափից դուրս լավատես լինել, բայց կարծում եմ, որ 2012-13 թվականներին «մարտի 1» չի լինելու»։
Լուսանկարը` Արամ Աբրահամյանի Facebook-ի էջից