Այսօր Կառավարության շենքի մոտ հերթական բողոքի ակցիայի մասնակից հաշմանդամ օդաչուներին, Բյուզանդի փողոցի խաբված բնակարանատերերին, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին էին միացել նաև «Հույսի ավանի» բնակիչները:
««Հույսի ավանը» ճաք է տվել, մեր հավատը` նույնպես», – պնդում էին ակցիայի մասնակից բազմազավակ մայրերը:
Տասներկու երեխաների մայր, երկրորդ կարգի հաշմանդամ Անգին Խաչատրյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ Արցախի պատերազմի մասնակից ամուսինն ու իր զավակներն ապրում են անմարդկային պայմաններում:
«Վեց տղա, վեց աղջիկ ունեմ, շուտով կլրանա տղայիս 18-ամյակն ու կտանեն բանակ: Չեմ ասում՝ թող չտանեն, բայց գոնե գիտեն, որ այդ երեխան սնունդ չունի, որ սնվի, առողջություն ունենա ու կարողանա պաշտպանել հայրենիքը: Ամբողջ օրը հնարավո՞ր է մակարոնով խաբել երեխաներին: 15 օր է, որ պարտքի համար անջատել են գազամատակարարումն ու մատնվել ենք ցրտի, սովը բավական չէր: Ում դիմում ենք, սպառնում են, թե տունը տվել ենք` հիմա՞ ինչ եք ուզում», – պատմել է Խաչատրյանն ու հավելել, որ այդ բնակարաններն իրենց տրամադրել են բարեգործները:
Նրա հավաստմամբ՝ իրենց բազմանդամ ընտանիքը գոյատևում է ամսական 82,000 դրամով, ու անհնար է այս գումարով հոգալ կոմունալ վճարումներն ու մյուս խնդիրները:
«Հարևանիս գազի հաշվիչն եկել, հանել-տարել են, 60,000 դրամ պարտք ունի, հետո էլ եկել են տուն, որպեսզի պարտքի դիմաց գույք բռնագրավեն, այնքան թշվառ է, որ ոչինչ չեն գտել տանելու ու դատարկաձեռն հեռացել են: Վեց թոռնիկների տատիկ է, ամուսինն էլ կռվել է Ղարաբաղում», – նշել է Խաչատրյանը:
«Հույսի ավանի» բնակիչ, ակցիայի մասնակից բազմազավակ մայրերը նշել են, որ իրենք պահանջում են իրենց բազմազավակությունը հաստատող փաստաթուղթ, որը պատկան մարմինները զլանում են տալ: