ԱՄՆ-ում բացահայտվել է երկրի առողջապահության և ապահովագրման ոլորտում պատմության մեջ խոշորագույն զեղծարարությունը: Հանցավոր խմբում ընդգրկված էին 36 ռուսաստանցիներ: Համատեղ ուժերով հանցագործները ապահովագրական ընկերություններից մեքենայությունների միջոցով շուրջ 250 միլիոն դոլար են կորզել:
36 ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով, այդ թվում` մեքենայություն և ռեկետ: Հանցավոր խմբին հաջողվել է միլիոնավոր գումարներ աշխատել`օգտագործելով ԱՄՆ-ի օրենսդրության մեջ առկա բացթողումները: Կասկածյալները տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, որոնց թվում կան արտոնագրեր ունեցող կլինիկաների 10 սեփականատեր բժիշկներ և երեք փաստաբան:
«Ի տարբերություն նմանատիպ շատ գործերի, այս դեպքում մենք բախվել ենք Նյու Յորքի օրենքի աննախադեպ պարբերականությամբ չարաշահման հետ, այսպես կոչված, ապահովագրում առանց մեղքի, երբ ապահովագրական փոխհատուցումը վճարվում է անկախ ապահովագրական դեպքի պատճառի: Այս սխեմայի մեջ են ներգրավվել տասնյակ պրոֆեսիոնալներ, որոնք գումարներ են ստացել մասնավոր ապահովագրական ընկերություններից: Սա ապահովագրության հետ կապված ամենախոշոր զեղծարարության դեպքն է»,-հաղորդել է դատախազ Պրիտ Բհարարան:
Հանցավոր խումբն աշխատում էր հետևյալ սխեմայի համաձայն. նրանք ճանապարհատրանսպորտային պատահար էին բեմականացնում, կեղծ տուժածներին ուղարկում էին բժշկական հետազոտության: Բժիշկները ախտորոշում էին նրանց մոտ գոյություն չունեցող կոտրվածքներ և հիվանդություններ, թանկարժեք բուժում էին խորհուրդ տալիս: Շատ «տուժածների» իբրևէ թե վիրահատել են, բայց իրականում վիրաբույժների ծառայությունները, անալիզները, ռենտգենները միայն թղթաբանություն են եղել:
Մեղադրյալները դատարանի առջև կկանգնեն արդեն այսօր: Նրանց 30-70 տարվա ազատազրկում է սպառնում: