Կառավարության շենքի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակից` բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները չեն սպասել նիստի ավարտին:
Նրանք շտապել են դիահերձարան, որտեղ այսօր դիահերձելու են փետրվարի 29-ին ԼՂՀ-ի զորամասերից մեկի դիտակետում, նախնական տվյալներով, իրեն ամրակցված ինքնաձիգից սպանված ՊԲ ժամկետային զինծառայող, 19-ամյա Տիգրան Վանոյի Վարյանին:
«Այս պահին ծնողներով գնում ենք մորգ, որովհետև հենց մորգից են սկսվում բոլոր անօրինականությունները: Այն ծնողները, ովքեր հիմա գնում են, բոլորի երեխաների գործերն այնտեղ են աղավաղվել` սպանություններն իրենց մոտ վերածվում են դժբախտ պատահարների ու ինքնասպանությունների»,- ասել է զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի հայրը` Սուրեն Օհանջանյանը:
Նրա խոսքով` այս քայլով իրենք ցանկանում են օգնել իրենց շարքերը համալրած ծնողներին:
«Ցանկություն ունենք օգնել այդ ծնողներին, որպեսզի նրանց էլ մեր աստիճանի չհասցնեն», – ասել է Օհանջանյանը: