Home / Հայաստան / Կանադային հաղթեցին. Հայաստանի հավաքականն ապացուցեց իր բարձր կարգը

Կանադային հաղթեցին. Հայաստանի հավաքականն ապացուցեց իր բարձր կարգը

Փետրվարի 28-ին հիմնականում երկրորդ կազմով հանդես գալով՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Սերբիային, իսկ ահա մեկ օր անց մեր թիմը, արդեն առաջին կազմի ֆուտբոլիստներով համալրված, պարտության մատնեց Կանադայի ընտրանուն:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները շատ արագ գնդակ բաց թողեցին: 4-րդ րոպեին անկյունայինից փոխանցումը գլխի հարվածով եզրափակեց Մաքքենան: Սակայն հետզետե մեր ընտրանին տիրեց նախաձեռնությանը և սկսեց մրցակցի դարպասի մոտ պահեր ստեղծել: Արդեն իսկ առաջին րոպեներից թիմի խաղին շատ հաջող ինտեգրվեց Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Արաս Օզբիլիսը, ով առաջին պաշտոնական հանդիպումն էր անցկացնում Հայաստանի հավաքականում:  Նրա ակտիվությունն աջ եզրում բավական լուրջ խնդիրներ էր առաջացնում մրցակցի համար: Չնայած մեր թիմը որոշակի առավելությամբ էր խաղում, առաջին կեսում հաջողվեց միայն մեկ գնդակ խփել՝ միջին տարածությունից կատարած ցածրից հարվածով հաշիվը հավասարեցրեց Մարկոսը:

Երկրորդ խաղակեսում Հայաստանի ընտրանին վերջնականապես տիրեց նախաձեռնությանը և մեկը մյուսի հետևից սկսեց վտանգավոր պահեր ստեղծել: Մի քանի լավ պահ չիրացրեցին Օզբիլիսը, Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը, սակայն մեծ առավելությունը, այնուամենայնիվ, վերաճեց գոլերի: Նախ ստանդարտի խաղակումից հետո հուժկու հարված կատարեց Արտակ Եդիգարյանը, իսկ դարպասաձողից հետ եկած գնդակին հարվածեց Մարկոսն ու առաջ մղեց իր թիմին: Ապա փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովը խաղի վերջին րոպեին 11-մետրանոց վաստակեց, իսկ խաղընկերները հարվածն իրացնելու իրավունքը տվեցին Արաս Օզբիլիսին, ով չվրիպեց՝ ամրագրելով 3:1 հաշվով վերջնական հաղթանակը:

Հանդիպման ընթացքում ընդհանուր առմամբ մի շարք դրական տարրեր ի հայտ եկան: Չնայած հանդիպման ընկերական բնույթին, Հայաստանի հավաքականը բավական լավ տրամադրվածություն և թիմային խաղ ցուցադրեց, հաղթեց խաղի ընթացքում պարտվելով, բացի դա փորձարկեց իր նորեկին՝ Օզբիլիսին, ով ապացուցեց իր բարձր կարգը:

Ընդհանուր առմամբ մարզչական շտաբը չշեղվեց նախորդ ընտրական փուլում նախանշած մարտավարությունից. թիմը հարձակվողական ֆուտբոլ խաղաց և վստահ հաղթանակ տոնեց մրցակցի նկատմամբ: