Home / Հայաստան / Հայաստանի մի շարք բնակավայրերից տրանսպորտը դեպի Երևան չի երթևեկում

Հայաստանի մի շարք բնակավայրերից տրանսպորտը դեպի Երևան չի երթևեկում

Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա` մարտի 1-ին նվիրված հանրահավաքին ընդառաջ խոչընդոտված է մարզերից մայրաքաղաք մտնող հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին կապերի հանձնախմբի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Վերջինիս Գյումրիից տեղեկացնում են, որ այսօր առավոտից գծերից հանված են Երևան- Գյումրի երթուղայիններն ու տաքսիները: Պատկան մարմինները ճանապարհների փակ լինելը պատճառաբանել են բուքի առկայությամբ, սակայն քաղաքացիները հայտնում են, որ Գյումրիում բուք չկա:

Միաժամանակ, ՀԱԿ-ի Արմավիր շտաբի պետ Սեդրակ Հովհաննիսյանը Epress.am-ի հետ զրույցում հաղորդել է, որ երեկվանից Արմավիրի մարզի ոստիկանության թաղայինները այցելում են ՀԱԿ-ի ակտիվիստների տներ:

«Ոմանց կանչում են ոստիկանություն, ոմանց հորդորում են հանրահավաքի չգնալ` սրանով ահաբեկելով նրանց: Սա աննախադեպ է Արմավիր համար»,-ասել է շտաբի պետը:

Նա նաև տեղեկացրել է, որ Արմավիրում նույնպես միջքաղաքային երթուղայիններն ու տաքսիները դուրս են բերվել գծերից:

Համաձայն ՀԱԿ-ի տեղեկությունների, միջքաղաքային տրանսպորտը չի գործում նաև Աշտարակում, Սևանում և Հրազդանում: Հրազդանում Երևան տանող ճանապարհները փակ են ոչ թե ճանապարհային ոստիկանության, այլ պարեկա-պահակային ծառայության մեքենաների կողմից: