«Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի նախկին նախագահ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ով վերջերս անդամակցեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, երեկ Facebook սոցիալական կայքի իր էջում հաղորդագրություն է թողել, որում պաշտպանել է Մաշտոցի պուրակի համար պայքարող բնապահպաններին` շնորհավորելով նրանց իրենց ձայնը լսելի դարձնելու հարցում հաջողության հասնելու կապակցությամբ:
«Երեկ վարչապետը հայտարարել է, որ դեմ է Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրմանը և ամեն ինչ անելու է դրանք այնտեղից դուրս բերելու համար:
Պուրակի համար պայքարող ակտիվիստնե՛ր՝ ԲՐԱՎՈ՛ Ձեզ։ Սա ցույց է տալիս, որ Դուք կարող եք Ձեր ձայները մեկտեղել ու ավելի լսելի դարձնել», – գրել է Օսկանյանը
Այս գրառման տակ մեկնաբանություն է թողել լրագրող, հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը, ով հարց է ուղղել Օսկանյանին, թե ինչու վերջինս չի միացել միջոցառմանը, եթե դա ճիշտ քայլ էր համարում:
«Դե լավ դեռ ուշ չէ, վաղը լրանում է 2008 թվականի Մարտի 1-ի չորս տարին ու եթե համարում եք, որ այդ օրը անմեղ մարդկանց արյուն է հոսել, կարող եք գալ և մասնակցել հանրահավաքին», – գրել է Սեմիրջյանը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին, երբ վաղ առավոտյան ուժայինները Ազատության հրապարակում ցրեցին ընդդիմության հանրահավաքը, Վարդան Օսկանյանը դարձավ այն պաշտոնյան, ով մամուլի ասուլիսով հանդես եկավ` խոսելով իշխանությունների դիրքորոշման մասին:
2011 թվականի փետրվարին նա բացատրել է իր քայլի դրդապատճառները` նշելով, որ ներողություն չի խնդրի, քանի որ մարտի 1-ի համար իրեն մեղավոր չի համարում:
«Նման իրավիճակում լռությունն ամենավտանգավոր բանն է, և պետք է գտնվեր մեկը, որ կարողանար խոսել ժողովրդի հետ: Ես կոչ եմ արել ընդդիմությանը երկխոսության: Այնպես որ, ես այդ իրադարձությունների կանխարգելման փորձ արած անհատ եմ», – ասել է Օսկանյանը:
Նշենք նաև, որ Առաքել Սեմիրջյանը այն դիվանագետներից էր, ում 2008 թվականի փետրվարին Վարդան Օսկանյանը ազատել էր ԱԳՆ-ից նախագահական ընտրությունների և դրան հաջորդած գործողություններին վերաբերող հայտարարության համար: Դիվանագետները կոչ էին արել իրենց գործողությունները տեղավորել Սահմանադրության շրջանակներում: Նրանց խոսքով` իրենք քաղաքական հայտարարություն չեն արել, սակայն պատժվել են, մինչդեռ ԱԳՆ-ում աշխատող մի քանի գործիչներ քաղաքական հայտարարություններ են արել` աջակցություն հայտնելով Սերժ Սարգսյանին, սակայն դրա համար պատասխանատվություն չեն կրել: Դիվանագետները դիմում-բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Լուսանկարը` Վարդան Օսկանյանի Facebook-ի էջից