Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է գրքերի գների թանկացմանը, ինչը վերջին շրջանում բողոք է առաջացրել հրատարակիչների, գրողների և քաղաքացիների շրջանում:
«Այսօր էլ ես ստացել եմ մի մեծ խումբ մտավորականների, գրողների, բանաստեղծների նամակը, որը վերաբերում է գների բարձրացմանը։ Պարո՛ն Գաբրիելյան, խնդրում եմ Ձեզ տալ պարզաբանումներ մեկ անգամ ևս, թե ինչ իրավիճակ է ստեղծվել այդ ոլորտում», – ՀՀ ֆինանսաների նախարար Վաչե Գաբրիելյանին դիմելով` ասել է վարչապետը։
Գաբրիելյանը նշել է, որ նախարարությունն այս հարցի առնչությամբ աշխատել է պետական եկամուտների կոմիտեի և մշակույթի նախարարության հետ։
«Դեռևս երեքշաբթի օրը հանդիպել ենք գիրք հրատարակողներին և գրավաճառներին և պարզաբանել բոլոր այն խնդիրները, որ կան հարկային ոլորտում։ Մասնավորապես, նշել ենք, որ մենք գրքերի վերաբերյալ որևէ հարկային բեռ չենք ավելացրել 2011-2012 թվականների ընթացքում, այսինքն` նոր օրինագիծ կամ կառավարության որոշում, որից բխեր, որ գրահրատարակության ոլորտը լրացուցիչ հարկերով է հարկվում, չի եղել։ Կա այլ օրենքի տարընթերցում ավելացված արժեքի հարկի վերաբերյալ, որը վերաբերում է իրավապայմանագրային հարաբերություններին։ Մենք պարզաբանեցինք, եկանք լիակատար համաձայնության հրավիրվածների հետ։ Նրանք խնդրել են պաշտոնական պարզաբանում, որն արդեն իսկ ՊԵԿ-ի հետ պատրաստել ենք և ամենաուշն առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի կհրապարակենք։ Ամեն դեպքում գրահրատարակիչները և գրավաճառները հասկացան, որ որևէ խնդիր չկա։ Շատ գրողներ բարձրացնում են այլ հարց. նրանք առաջարկում են նոր արտոնություն տալ գրահրատարակության ոլորտին», – ասել է ՀՀ ֆինանսների նախարարը։
Վարչապետի այն հարցին, թե կարելի է ենթադրել, որ այժմ գրքերի գները կնվազեն, Վաչե Գաբրիելյանը վստահություն է հայտնել, որ այդպես կլինի, որովհետև «գրահրատարակիչները և գրավաճառները մեզ ասացին, որ այդ պարագայում որևէ խնդիր չեն տեսնում գնային փոփոխություն անելու համար»։
«Եթե դա տեղի չունենա, այդ դեպքում դրանք տնտեսաիրավական հարաբերություններ են, որոնք որևէ կերպ պայմանավորված չեն հարկային հարաբերություններով։ Այսինքն, ուղղակի երկու սուբյեկտներ իրար մեջ գնային համաձայնության չեն եկել և տարբեր գներ են օգտագործում», – ասել է Գաբրիելյանը։