«Դաշնակցության» պատգամավոր Վահան Հովհաննիսյանը ողջունելի է համարում այն փաստը, որ թեև խորհրդարանական ընտրությունների անցկացման ընթացակարգն անփոփոխ մնաց, բայց քվեարկությունը «նորմալ անցավ»:
«Ուշագրավ երևույթ նկատվեց, քանի որ անգամ մեծամասնականով ընտրված մի շարք պատգամավերներ կողմ քվեարեցին համամասնական ընտրակագին անցնելուն», – ասել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` այդ նույն պատգամավորների կողմից հնչեցվեցին խոհեմ ելույթներ, այլ ոչ թե «հլու-հնազանդ»:
Սակայն, Հովհաննիսյանի խոսքով, սա դեռ քիչ է, քանի որ նորմալ Ազգային ժողով ունենալու համար պետք են նորմալ ընտրություններ:
Վահան Հովհաննիսյանն անդրադարձել է նաև «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի վերաբերյալ քվեարկության ընթացքին: Հիշեցնենք, որ քվեարկության ժամանակ «Ժառանգության» և ՀՅԴ-ի պատգամավորները հսկում էին ՀՀԿ-ականներին, որպեսզի վերջիններս ուրիշի փոխարեն քվեարկելու հնարավորություն չունենան, ինչն առաջացրել էր ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի դժգոհությունը, ով հայտարարել էր, որ իրեն դուր չեն գալիս «բանտի պետի օրենքները»:
Այսօր Վահան Հովհաննիսյանը նշել է, որ ինքն էլ «բանտի օրենքով» պատասխանել է «բանտի օրենքներից դժգոհող պատգամավորներին». «Դուք մեզանից լավ տղերք ե՞ք, որ կարող եք երկու անգամ քվեարկել, իսկ ես մեկ անգամ»: