Իսրայելի կողմից անօդաչու սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքն Ադրբեջանին ևս մեկ փորձ է հոգեբանական ճնշում գործադրել Իրանի վրա: Այս մասին Gtimes-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալը:
Նրա կարծիքով` ղարաբաղյան հակամարտության համատեքստում այդ զենքը կարող է ուժեղացնել Ադրբեջանի դիրքերը Հայաստանի նկատմամբ:
«Բայց հայերը, իրենց հերթին, բավական զենք-զինամթերք են ստանում արտասահմանից: Իսրայելի կողմից զենքի վաճառքն իրականացվել է որոշակի վերապահումներով: Իսրայելցիները, ինչպես և ամերիկացիները, միշտ պայմաններ են դնում, ճշտում են, թե ինչ նպատակներով է օգտագործվելու զենքը: Իմ կարծիքով` Թել-Ավիվի և Բաքվի գործարքը Իսրայելի «մեսիջն» է Իրանին: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը, ապա դա ժամանակի հարց է: Հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները ծայրաստիճան լարված են մնում», – ասել է Ջեմալը:
Նա նշել է, որ այժմ Ադրբեջանն Իսրայելի համար նույնն է, ինչ նախկինում Թուրքիան էր.
«Մինչ վերջին ժամանակները Իսրայելը և Թուրքիան Մերձավոր Արևելքում համագործակցում էին: Այժմ այդ մտերիմ հարաբերությունները կասեցված են: Ադրբեջանի մասով այդ ամենը պահպանվել է, և իրանցիների խոսքերի մեջ ճշմարտության բավական մեծ հատիկ կա: Բանն այն է, որ Ադրբեջանում վաղուց գործում են երրորդ երկրների ուժային կառույցներ: Ադրբեջանի նավթատարները ժամանակին հսկում էին թուրքական ռազմական միավորումները: Թուրք բանակայինները, ծառայելով Ադրբեջանում, թաքնվում էին բանվորների քողի տակ: Ես չգիտեմ, թե ինչպես է հիմա, բայց այնտեղ կային թուրքական ռազմական տարրեր, որոնք կարող էին օգտագործվել, եթե Ադրբեջանում հերթական հեղաշրջման փորձ իրականացվեր: Դա Հեյդար Ալիևի նախագահ լինելու ժամանակ էր: Բայց, ինչպես ասացի, այժմ Անկարայի և Բաքվի հարաբերությունները բավականաչափ սառել են», -հայտարարել է Ջեմալը:
Իսլամական կոմիտեի ղեկավարը ևս մեկ վարկած է առաջարկել` բացատրելով թուրք-ադրբեջանական հարաբերությունների սառեցման պատճառը.
«Անկարան ասում էր, որ Ադրբեջանի նոր ղեկավարությունը քրդերից է բաղկացած: Ինչպես նշում էր Թուրքիան, Իլհամ Ալիևը և նրա շրջապատը, թյուրքերի դիմակներ հագնելով, տարածաշրջանում քրդական շահերի լոբբի են իրականացնում: Այս տարածաշրջանում բարդ գեոքաղաքական շահերի կծիկ է ձևավորվել: Իրանը հակաիսրայելական է, այժմ Թուրքիան էլ հակաիսրայելական է: Իրան և Թուրքիան քիչ թե շատ մերձենում են և համաձայնեցնում են իրենց գործողությունները: Բայց Իրանը սատարում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Թուրքիան, իր հերթին, ցանկանում է Սիրիայում տապալել ալևիների ռեժիմը, որոնք Իրանի հիմնական դաշնակիցն են: Իրանը սատարում է Հայաստանին, որը խնդիրներ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Ադրբեջանը խնդիրներ ունի և’ Հայաստանի, և’ Իրանի հետ: Բաքուն փորձում է Անկարայի հետ լավ հարաբերությունների պատրանք ստեղծել, սակայն Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները փչանում են օր օրի: Այս կծիկում միավորումներն ու հակամարտությունները բավական խառնված են, իսկ դրանց տրամաբանությունն գծային չէ, ասիմետրիկ է»: