Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հանրահավաքի ժամանակ իր ելույթում միայն արձանագրել է այն իրավիճակը, որն իրականում կա Հայաստանի քաղաքական դաշտում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքական PR տեխնոլոգ Արմեն Բադալյանը: Ներկա իրավիճակը, ըստ քաղաքագետի, այն է, որ դաշտում մնացել է երեք հզոր ուժ` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը:
«Քանի որ հզոր ուժ ունեցող կուսակցություններից մեկը հայտարարում է, որ ինքը բացարձակ մեծամասնություն է ունենալու ապագա խորհրդարանում, իսկ դա անել անհնար է արդար ու թափանցիկ ընտրությունների դեպքում, ուստի Լևոն Տեր-Պետրոսյանն ընդամենը կոչ է անում միակ մնացած հզոր ուժին` ԲՀԿ-ին, թույլ չտալ ընտրությունների կեղծումը: Լևոն Տեր-Պետրոսյանն այն գործիչն է, ով հստակ գիտակցում է, որ ԲՀԿ-ին «կուտ տալու» ժամանակներն արդեն անցել են:
Բնականաբար, ՀԱԿ առաջնորդը փորձ չի անում քայքայել կոալիցիան» ,- ասել է Բադալյանը` կարծիք հայտնելով, որ սխալ են այն տեսակետները, թե ՀԱԿ առաջնորդը, հայտարարելով, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ունի լուրջ քաղաքական ուժ դառնալու հավակնություն, ռեվերանսներ է անում «Բարգավաճ Հայաստան»-ի հասցեին և փորձում նրան դեպի իրեն գրավել:
«Ամեն կուսակցություն, այդ թվում նաև ԲՀԿ-ն, գնում է իր ուղով: ԲՀԿ-ն ոչ շրջվելու է դեպի ՀԱԿ-ը, ոչ դեպի ՀՀԿ-ն: Թե ինչպես նա կգնա իր ուղով` ընդհամենը տակտիկական խնդիրներ են: Բնական է, որ ոչ մեկի խոսքով էլ ԲՀԿ-ն դուրս չի գա կոալիցիայից ու գնա Ազատության հրապարակ: ԲՀԿ-ն դա կանի, եթե ինքը ցանկանա»,- ասել է քաղաքագետը:
Բադալյանը հիշեցրել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանից դեռ շատ առաջ ինքը, վերլուծելով Վարդան Օսկանյանի` ԲՀԿ անդամագրումը, նկատել էր, որ դրանում պարտադիր չպետք է տեսնել Ռոբերտ Քոչարյանի «ստվերները»:
«Լրատվամիջոցները չափազանց մեծ ուշադրություն դարձրեցին Վարդան Օսկանյանի` ԲՀԿ ցուցակ մտնելուն, կարծես, դրանով սկսվելու էր երրորդ համաշխարհային պատերազմը: Ընդամենը Օսկանյան ունի արտաքին քաղաքականության մեջ լինելու մեծ փորձ ու համաձայն չէ ՀՀԿ-ի քաղաքականության հետ, իսկ ԲՀԿ-ն չուներ այդքան փորձառու արտաքին քաղաքականության մասնագետ»,- ասել է Արմեն Բադալյանը:
Ընհանուր առմամբ` երեկվա հանրահավաքը, ըստ քաղաքագետի, չի կարելի համարել ոչ վճռորոշ, ոչ չհաջողված, այլ ընդհամենը երկար ժամանակ հանրահավաքներ չունենալու ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների ՀԱԿ-ի անփոփումն էր ու սկիզբը ՀԱԿ-ի մարտավարության նոր փուլի: