ԱԺ-ի վերջին երկու քառօրյաներին հաճախ բացակայում են «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորները: Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՕԵԿ-ականների բացակայությունների պատճառները ցանկացել են ճշտել կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանից:
«Ուրախ եմ, որ դուք նկատում եք պատգամավորների բացակայությունը, բայց մեր 4 պատգամավորներ միշտ ներկա են եղել: Դե մի երկու քառօրյա էլ թող բացակայեն, նրանք զբաղված են հանձնաժողովներում կարևոր օրենքների մշակմամբ», – ասել է Բիշարյանը:
Նա անդրադարձել է նաև երեկ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքին` տարակուսելով, թե ինչու են որոշ պատգամավորներ դեմ դրան:
«Ինչպես ամբողջ աշխարհում կա նմանատիպ օրենք, այնպես էլ Հայաստանում պետք լինի, դա կարևոր օրենք է», – ասել է Բիշարյանը` հավելելով, որ եթե մարդիկ օրենքում հակասահմանադրական դրույթներ են նկատում, կարող են դիմել Սահմանադրական դատարան:
Անդրադառնալով օրենքի ամենակարևոր կետերից մեկին, համաձայն որի բանակը կարող է ներգրավվել արտակարգ դրության ժամանակ, Բիշարյանն ասել է, որ բանակը ժողովրդին պաշտպանելու համար է և ոչ թե նրա դեմ օգտագործվելու: