Ռուսաստանում երեկ կայացած նախագահական ընտրություններն ավելի ազնիվ են եղել, քան նախորդ տարվա դեկտեմբերին կայացած խորհրդարանականները, կարծիք են հայտնում մի շարք ռուսաստանցի քաղաքագետներ: Այնուամենայնիվ, նրանք Ռուսաստանի տարբեր քաղաքներում գալիք օրերին բողոքի ակցիաներ են ակնկալում:
Քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի փոխտնօրեն, քաղաքագետ Ալեքսեյ Զուդինը РБК-ի հետ զրույցում նշել է, որ ոչ համակարգային ընդդիմության համար, որը վերջին ամիսներին հավաքներ էր կազմակերպում և քննադատում գործող իշխանություններին, ընդունելի չէ Վլադիմիր Պուտինի և ոչ մի հաղթանակ, այդ իսկ պատճառով մոտ ժամանակներս այն ակտիվ կերպով շարունակելու է պայքարել իր դիրքերի համար:
«Դա կլինի այսօր, վաղը, ընդհուպ մինչև Պուտինի երդմնակալության արարողությունը: Ցավոք, նման իրավիճակներում առաջին պլան են մղվում ծայրահեղական ուժերը, որոնք անկարգություններ կազմակերպելու ուղղվածություն ունեն: Հուսանք, որ նման բան տեղի չի ունենա», – ասել է Զուդինը:
Քաղաքագետի կարծիքով` այսօր երկիրը պատրաստ չէ հեղաշրջման:
«Այսպես թե այնպես, Պուտինին ընտրել է ՌԴ քաղաքացիների մեծամասնությունը», – համոզմունք է հայտնել Զուդինը:
Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը նույնպես կարծում է, որ նախագահական ընտրություններն ավելի ազնիվ են անցել, քան խորհրդարանականները:
Նրա խոսքով` լիարժեք մաքուր քաղաքական ընտրություններ անհնար է կազմակերպել, քանի որ «մարդկային գործոնը միշտ էլ առկա է»:
Մուխինը նշել է, որ ներկայիս ընդդիմության մի մասն ընտրություններից հետո կսկսի համագործակցել իշխանությունների հետ, մյուս մասը` ավելի կվատացնի հարաբերությունները:
«Լուրջ գործողությունների հնարավորություն իշխանության նկատմամբ չեմ տեսնում, քանի որ դա կարող է մեկնաբանվել որպես պետական հեղաշրջման փորձ: Հեղափոխություն չի լինի, բոլորը հստակ հասկանում են պատասխանատվության աստիճանը, այդ թվում` քրեական», – ասել է փորձագետը:
Քաղաքագետ Մարկ Ուռնովը, ի տարբերություն Մուխինի, լուրջ տարբերություններ նախագահական և խորհրդարանական ընտրությունների միջև չի նկատել:
«Մոսկվայում «կարուսելների» բազմաթիվ դեպքեր են գրանցվել, ավտոբուսներով հարբած մուժիկների էին բերում, ընտրատեղամասերից մեկում 150 քվեարկող էր, իսկ բերեցին հազարների: Ինչպես միշտ` խոստանում էին ազնիվ ընտրություններ, սակայն այդ փորձերը հերթական անգամ ձախողվեցին», – ասել է Ուռնովը:
Նրա կարծիքով` մոտ ժամանակներս փողոցներում բողոքի ակցիաներ կանցկացվեն:
«Մարդիկ զայրացել են` տեսնելով այդ կեղտը և լկտիությունը: Բայց բողոքների արդյունքները կախված են նրանից, թե արդյոք իրականում հնարավոր կլինի միավորել բոլոր ուժերը», – ասել է Ուռնովը: