Ադրբեջանի մտավորականների ֆորումը երկրի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված բաց հայտարարությամբ է հանդես եկել, որում կոչ է անում բաց երկխոսություն սկսել քաղաքացիական հասարակության հետ և հաշվի առնել ժողովրդի շահերը: Այս մասին հայտնում է Turan-ը:
«Վերջին տարիներին Ադրբեջանի մտավորականների ֆորումը բազմիցս իր մտահոգությունն է հայտնել երկրում առկա լուրջ սոցիալական, տնտեսական, քաղաքական խնդիրների կապակցությամբ, դիմել է իշխանություններին` կոչ անելով բաց երկխոսություն սկսել քաղաքացիական հասարակության հետ:
Ցավոք սրտի, երկրի ղեկավարությունն անտարբեր է մնացել այդ կոչերի հանդեպ, բաց արշավ է սկսել ադրբեջանական գիտության և մշակույթի գործիչների դեմ:
Մարտի 1-ին Գուբայում տեղի ունեցած դեպքերը ցույց են տալիս, թե ինչի է հանգեցնում հասարակական կարծիքն արհամարհելու վրա հիմնված քաղաքականությունը: Մենք վստահ ենք, որ Գուբայի բնակիչների այսպիսի զանգվածային և հստակ բողոքը պայմանավորված է ոչ միայն շրջանի ղեկավարի գռեհիկ վարքով: Ազգային վրդովմունքի պայթյունը վկայում է հասարակության մեջ տարիներով կուտակվող սոցիալական լարվածության բարձր մակարդակի մասին: Գուբայի մոդելը այսօր կիրառական է Ադրբեջանի շատ հասարակական ինստիտուտների համար:
Այդ իրադարձություններում, ինչպես ջրի կաթիլում, արտացոլվել են այն խնդիրները, որոնք հատուկ են պետական կառավարում իրականցնող երկրում. քաղաքացու իրավունքների, արժանապատվության և պատվի բացարձակ արհամարհանք, տոտալ կաշառակերություն, միմյանց միջև օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը կիսած օլիգարխիկ կլանի ամենաթողություն:
Մենք կոչ ենք անում երկրի նախագահին վերջապես գիտակցել, որ պետական կառավարման նման պրակտիկան բնական օտարում է առաջացնում երկրի ողջ բնակչության և միջազգային հանրության շրջանում: Այն անարդյունավետ, վտանգավոր և անբարոյական է, և երկիրը գլոբալ ցնցումների է տանում, որի առաջին դրսևորումը Գուբայի դեպքերն էին:
Ազգային համբերությունը սպառվում է և մոտ է պայթյունավտանգ սահմանին, որը կարող են կանխել միայն շտապ արդյունավետ գործողությունները:
Ադրբեջանը տարիներով ղեկավարում են իրենց ազնձնական հարստացման անսպառ ձգտումներով առաջնորդվող ժողովրդի համար անտանելի մարդիկ: Գուբայի ղեկավարը ընդամենը նրանցից մեկն էր և վերջին իրադարձությունները օրինակն են նրա, թե ինչ է սպասվում երկրին, եթե նրանք ժամանակին չհեռացվեն իրենց պաշտոններից»,-ասված է մտավորականների հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Գուբայի շուրջ 10,000 բնակիչներ փողոց էին դուրս եկել` բողոքելու քաղաքապետի դեմ: Արդյունքում` բախումներ էին սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև: Վերջիվերջո իշխանությունները որոշել էին բավարարել Գուբայի բնակիչների պահանջը և աշխատանքից ազատել քաղաքապետ Ռաուֆ Հաբիբովին: