Home / Հայաստան / «Արմավիան» բոյկոտում է «Զվարթնոցը». վերջինս նշում է, որ ավիաընկերությանն արգելվում է Ռուսաստան մեկնել

«Արմավիան» բոյկոտում է «Զվարթնոցը». վերջինս նշում է, որ ավիաընկերությանն արգելվում է Ռուսաստան մեկնել

Հայաստանյան «Արմավիա» ավիաընկերությունն այսօր անժամկետ գործադուլ է հայտարարել: Ինչպես ասված է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, «Արմավիան» դա պատճառաբանում է «Զվարթնոց» օդանավակայանի կողմից սպասարկման գների բարձրացման հետ: Այսօր առավոտյան «Արմավիան» արդեն չի իրականացրել Երևան-Մոսկվա և Երևան-Ռոստով չվերթների սպասարկումը:

«Արմավիայի» հայտարարության առնչությամբ «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը նշել է, որ ««Արմավիա» ընկերությունը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների օգտվում է ընկերության կողմից տրամադրված հատուկ սակագներից»:

«Ավելին, ըստ «Ռոսնավիգացիա» կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով «Արմավիա» ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան և մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:

Ըստ երևույթին, ավիաընկերության համար թանկ են ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում գործող սակագները:

Մեր ընկերությունը բացասական է գնահատում «Արմավիա» ավիաընկերության կողմից անհարիր շահարկումները և անհիմն ու կեղծ մեկնաբանությունները և ցավում է, որ միակ ազգային փոխադրողը հայտնվել է այսպիսի վիճակում», – նշված է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության հաղորդագրության մեջ: