2011 թվականի փետրվարի 12-ին ԼՂՀ-ի Խոջալուի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից զոհված 22-ամյա զինծառայող, գյումրեցի Թորգոմ Սարուխանյանի մայրը՝ Լենա Սարուխանյանը փետրվարի 3-ին հարցում է ուղարկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ ցանկանալով իմանալ, թե ինչու են իր որդուն տարել ծառայության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Երեկ Լենա Սարուխանյանը զանգահարել է ՄԻՊ-ի գրասենյակ, և ցանկացել է իմանալ, թե ինչու իր հարցման պատասխանը չեն ուղարկում, սակայն, ինչպես Epress.am-ին փոխանցել է զոհված զինծառայողի մայրը, գրասենյակի աշխատակից Արամ Վարդևանյանը շատ կոպիտ է խոսել նրա հետ:
Խնդրի հետ կապված Լենա Սարուխանյանը ևս նամակ է հղել ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին, որում նշում է, որ մինչ օրս չի ստացել փետրվարի 3-ին ուղարկված հարցման պատասխանը:
«Արդեն մեկ ամիս անցել է, և Դուք, որպես Մարդու իրավունքների պաշտպան, ոչ պատասխանում եք, ոչ էլ հրաժարվում պատասխանելուց: Եթե Դուք 7 օրվա ընթացքում չեք պատասխանի իմ հարցմանը, ապա ես իրավունք ունեմ ձեզ դատի տալու: Այդ ժամանակ չզարմանաք, թե ինչու համար եմ դատի տվել», – գրել է Սարուխանյանը:
Նամակում նա նաև ընդգծում է, որ օմբուդսմենը չի կարող ճիշտ պատասխանել իրեն, այդ պատճառով էլ խուսափում է գրավոր պատասխանից:
Ի՞նչ եք կարծում, եթե ես ձեզ եմ դիմել ու իմ իրավունքները չեն պաշտպանվում, Ձեր կարծիքով, ես էլ ո՞ւմ դիմեմ, կարո՞ղ եք ինձ ասել: Իսկ եթե ես սպանեի իմ տղայի սպանողներին և իմ տղայի սպանության մեջ յուրաքանչյուր լումա ունեցողին, դուք որպես ՀՀ ՄԻՊ իմ շահերը կպաշտպանեի՞ք, թե կուզենայիք, որ խստիվ պատժով ինձ պատժեին: Դե ուրեմն իմ տղային սպանողներին էլ խստիվ պատժով պատժեք: Ինձ մնում է միայն, որ ես էլ բոլորիդ սպանեմ, դուք բոլորդ հասցրել եք ինձ այդ աստիճանի, չեք էլ հասկանում, որ որդեկորույս մայրը ընդունակ է ամեն ինչի:
Նա նշել է, որ գրասենյակի աշխատակից Արամ Վարդևանյանը կառչում է այն փաստից, որ ինքը «դու»-ով և ոչ թե «Դուք»-ով է խոսել:
«Ես ձեր հետ խոսում եմ «Դուք»-ով, իսկ Դուք ասում եք, որ ես ձեր հետ «դու»-ով եմ խոսում: Ասեմ իմանաք, որ ես շատ լավ գիտեմ` ում հետ, ինչ ձևով, ինչ լեզվով, ինչ տոնով խոսեմ: Եթե ես զանգել եմ ձեզ, իմ հարցերն եմ տալիս, ապա բարի եղեք լսել և ոչ թե «դու» և «Դուք» բառերից կառչեք: Իրականում դուք ոչ մի դեպքում ՀՀ քաղաքացիների իրավունքները չեք էլ պաշտպանում, ուղղակի Դուք ձեր աթոռն եք պաշտպանում: Շատ ցավալի է, որ մեր պետության մեջ զոհված զինվորի ծնողի իրավունքներն այս աստիճանի են պաշտպանված», – ասված է Լենա Սարուխանյանի նամակում:
Հիշեցնենք, որ Թորգոմ Սարուխանյանը բանակ էր զորակոչվել 2009 թվականին: 2011 թվականի աշնանը նա պետք է ավարտեր ծառայությունը: Պաշտոնական վարկածի համաձայն` Թորգոմ Սարուխանյանին դրդել են ինքնասպանության: Մայրն այդ վարկածն արժանահավատ չի համարում` պահանջելով արդար քննություն անցկացնել: