ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններին հանդես է գալիս ոչ թե «ընդդեմ» որևէ մեկի, այլ հանուն իր դիրքերը էլ ավելի բարելավելու:
«Բնական է բոլորը սպասում են ՀՀԿ-ին` ԱԺ ընտրությունների մասնակցության ձևաչափի հարցում կողմնորոշվելու համար: ՀՀԿ-ն դոմինանտ կուսակցությունն է, ում հիմնական ախոյան են համարում բոլորը: Խոսենք փաստերով` ՀՀԿ-ն նշաձող է դրել բոլորի համար: Ինչպես ասում են` մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, մենք պայքարում ենք մեր քվեների համար», – ասել է Վարդան Այվազյանը:
Ասուլիսի մեկ այլ մասնակից, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ, անդրադառնալով ՀՀԿ-ի դոմինանտ լինելու մասին հայտարարությանը, նշել է, որ ՀՀԿ-ն, իրոք, դոմինանտ է, այդ թվում` նաև արտագաղթի, տնտեսական, սոցիալական վթար վիճակի հարցում:
«ՀՀԿ-ն պատասխան է տալիս ոչ միայն իր ցուցակի, այլև մեծամասնականով առաջադրված գործարարների համար, ոչ միայն ՀՀԿ-ական գործարարների, այլև ընդհանուր առմամբ` մեծամասնական ընտրական համակարգի համար, քանի որ միայն ՀՀԿ-ն է կողմ մեծամասնականի ուստի պետք է կրի քաղաքական պատասխանատվություն», – ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Ի պատասխան` Վարդան Այվազյանը ասել է, որ գործարար պատգամավորները շատ լավ են աշխատում: «Ամենաուժեղ աշխատող պատգամավորը թող գա, ինձ հետ մրցի: Ես թույլ չեմ տա, որ ասեն` Վարդան Այվազյանը վատ է աշխատել», – ասել է Այվազյանը` հորդորելով Մարտիրոսյանին «պորտից ցածր» չխփել, ինչին «Ժառանգության» պատգամավորը հակադարձել է` ասելով, որ ՀՀԿ-ին որտեղից էլ խփեն, ցավոտ է լինելու, քանի որ իշխող կուսակցությունը ձախողվել է բոլոր ոլորտներում:
Այվազյանի այն դիտարկմանը, թե «Ժառանգության» 100% համամասնական ընտրական համակարգին անցնելու նախագիծը ընդամենը նախընտրական շոու էր և ընտրական օրենսգրքի քննարկման ընթացքում «Ժառանգությունը» «ծպտուն» չի հանել, Մարտիրոսյանը պատասխանել է.
«2010 թվականին ես ինքս ընտրական օրենսգրքի փոփոխություն եմ առաջարկել, որում խոսքը եղել է նաև համամասնականի մասին: Նախընտրական շոուն այն է, որ ՀՀ քաղաքացին զզված, հիասթափված ընտրում է արտագա՞ղթը: Հանքերի մասին հարցում ես անում, թե ինչպես են վաճառվել հանքերը, կառավարությունը չի պատասխանում ԱԺ պատգամավորի հարցմանը: Ինչ վերաբերվում է գործարար պատգամավորներին, այո, աշխատում են: հարցը կայանում է նրանում, թե ինչպես են աշխատում գործարար պատգամավորները, օրենքներ են ընդունում արտակարգ դրության մասին, օրենք են ընդունում, փոքր միջին բիզնեսի ճնշման համար»: