Վաղը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչը կընդունի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած ակցիայի մասնակիցներից մի քանիսին, Epress.am-ին փոխանցել են դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնից: Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխել:
Դեսպանը ակցիայի մասնակիցների նամակը կփոխանցի Բրիտանական թանգարան, որն էլ կքննի խնդիրը և պատասպան կտա:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բրիտանական թանգարանից պահանջում են մշակույթի նմուշները վերադարձնել այն երկրներ, որոնց դրանք ժամանակին պատկանել են կամ որտեղ դրանք պեղել են:
Բրիտանական թանգարանը որպես կանոն մերժում է նման պահանջները: Ըստ Թանգարանի` եթե նման սկզբունք կիրառվի և մշակույթի բոլոր նմուշները վերադարձվեն իրենց ստեղծման աշխարհագրական վայր, ապա կդատարկվի ոչ միայն Բրիտանական թանգարանը, այլև աշխարհի մի շարք խոշոր թանգարաններ:
Համաձայն Բրիտանական թանագարանի տեղեկատվության արձանի մասունքները գտել են 1872 թվականին Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սատալա քաղաքի մոտ: Թանգարանի փորձագետները նշում են, որ արձանը ստեղծվել է մ.թ.ա I-ին դարում` Տիգրան Մեծ թագավորի գահակալության ժամանակ: