Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) պատգամավորը 12 ժամ ելույթ է ունեցել կրթական բարեփոխումները քննարկող հանձնաժողովի նիստի ժամանակ` ելույթի երկարատևության ռեկորդ սահմանելով:
CHP-ի պատգամավոր Էնգին Օզքոչը երեկ խոստացել էր, որ 12 ժամ ելույթ կունենա, եթե հանձնաժողովը չհամաձայնի 8-ից 12-ամյա կրթական համակարգի անցնելու մասին օրինագիծը հանգամանորեն քննարկել:
Օզքոչը հավատարիմ է մնացել իր խոսքերին` 12 ժամ անդադար խոսելով հանձնաժողովի նիստին: Պատգամավորը սկսել էր խոսել երեկ 15:00-ից մինչ այսօր առավոտյան 3:15-ը:
Պատգամավորը նախապես պատրաստված զեկույց չի ունեցել և հատվածներ է կարդացել կրթության վերաբերյալ գրքույկներից, որոնք պատրաստվել էին հասարակական կազմակերպությունների կողմից:
Օզքոչը 12 ժամերի ընթացքում բացի ջրից և մրգերից ուրիշ որևէ բան չի օգտագործել: Նրա ելույթի ընթացքում իր կուսակիցները աշխատում էին երկար հարցեր ուղղել, որպեսզի հնարավորություն ընձեռեն Օզքոչին մի փոքր ընդմիջել ելույթը: Միաժամանակ, հանձնաժողովի շենքի մոտ նրան պատրաստ սպասում էր շտապօգնության ծառայությունը:
Ի դեպ, ձայնագրիչը կարողացել է դիմանալ 11 ժամը, որից հետո անջատվել է գերտաքացումից: