Հայ կամավորական համախմբման ներկայացուցիչ Սամվել Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հրաժարվել է ՀԱԿ համամասնական ցուցակում ընդգրկվել` Կոնգրեսի մարտավարության հետ կապված լուրջ տարաձայնություններ ունենալու, մասնավորապես, համամասնական ցուցակի կազման սկզբունքի մասին վերապահումներ ունենալու պատճառով:
Նրա խոսքով` ինքը դուրս է եկել քաղխորհրդից` 3,5 տարի գործունեությունից հետո, սակայն ՀԱԿ-ում դեռևս մնացել է:
Հարությունյանն ասել է, որ վերջին քաղխորհդրի նիստերում առաջարկել է Մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ ժողովրդին առաջարկել մարտի 9-ից ժամը 16.00-ին հացադուլ սկսել Ազատության հրապարակում և պահանջել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:
Ըստ Հարությունյանի` այս ծրագիրը խորհրդի ժամանակ վիժեցվել է 5 ՀԱԿ անդամ կուսակցությունների կողմից` ՀՀՇ-ի գլխավորությամբ, ինչն էլ նաև պատճառներից մեկն է հանդիսացել, որպեսզի Հայ Կամավորական համախմբման անդամը դուրս գա ՀԱԿ-ից:
Սամվել Հարությունյանն իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ 3,5 տարի շարունակ մասնակցել է քաղխորհրդի նիստերին, ներկայացրել նախագծեր, սակայն դրանցից քչերն են ուշադրության արժանացել: Քաղաքական գործիչը համոզմունք է հայտնել, որ 2008 թվականի օգոստոսի 1-ին ընդունված ՀԱԿ հռչակագիրը հնարավոր կլիներ իրականացնել մինչ այժմ, եթե Կոնգրեսը վճռական դիրքերից հանդես գար, սակայն շատերը, Հարությունյանի խոսքով, այդ թվում` նաև առաջին նախագահը, նահանջեցին:
Բանախոսը նշել է, որ հռչակագրի երեք հիմնական կետերից` Մարտի 1-ի բացահայտում, արտահերթ ընտրությունների անցկացում, քաղբանտարկյալների ազատ արձակում, միայն վերջինն է իրականացվել: