Սեռական դաստիարակությունը հայերի մոտ անմիջապես ասոցացվում է սեքս բառի հետ, սակայն այն շատ ավելի լայն հասկացություն է և իր մեջ ներառում է կրթություն` սկսած մանկահասակ տարիքից, մինչև ամուսնություն և հետագա ամուսնական ողջ կյանքի ընթացքում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է մաշկաբան և սեռավարակաբան Կարեն Վարդանյանը:
Ըստ ասուլիսի մասնակից հոգեբան Սամվել Խուդոյանի` ընտանիքներում չափազանց կարևոր է հարաբերությունների բաց քննարկումը, քանի որ դրա բացակայությունը հանգեցնում է նևրոզների և հոգեբանական խնդիրների առաջացմանը:
«Միայն Հայաստանում կարելի է 40 տարեկան կույսի հանդիպել», – ասել է Խուդոյանը:
Նրա խոսքով` տաբուները դրդում են սեռական հարաբերությունների մասին խոսել և տեղեկություններ հավաքել բակում, ինչն իր մեջ վտանգներ է պարունակում, քանի որ շատ հաճախ անգամ տարրական պատկերացումներ չկան ինտիմ հարաբերությունների մասին:
Խուդոյանի կարծիքով` սեռական դաստիարակությունը միաժամանակ սոցիալական խնդիր է, և նաև ազգային առանձնահատկություններ է պարունակում իր մեջ:
«Օրինակ, մեր տատերի դիրքորոշումը 5 երեխա ունենալն էր, մեր դիրքորոշումը մեկ երեխան է, սա նույնպես սեռական դաստիարակության հարց է», – ասել է բանախոսը:
Հոգեբանը նաև խոսել է Հայաստան ներթափանցող գրանտային ծրագրերից, որոնք, նրա կարծիքով, հաճախ քարոզչական բնույթ ունեն: Խուդոյանն ասել է, որ տարիներ առաջ ինչ-որ կազմակերպություն ծրագիր էր իրականացնում, թե ինչպես հայերին զերծ պահել շատ երեխաներ ունենալուց:
«Այսինքն չինացիների փորձը ուզում էին մեզ վրա կիրառել», – ասել է բանախոսը:
«Գրանտակերների» մեկ այլ օրինակ է բերել Կարեն Վարդանյանը, ըստ որի «տարիներ առաջ Վանաձորում մի ամերիկացի պահպանակներից օգտվելու դասընթացի շրջանակներում բանանի վրա ցույց էր տվել դեռահաս աղջիկներին պահպանակի կիրառումը»: Ըստ բանախոսի` սա քարոզչություն է, քանի որ հայ կինը, որը պետք է առաքինության և բարոյականության մարմնացում լինի, փաստորեն, դառնում է սեռական լիդեր, ինչը հայկական բարոյական կերպարին այնքան էլ չի համապատասխանում:
Ինչ վերաբերում է Հայաստանի 1400 դպրոցներում իրականացվող առողջ ապրելակերպի դասընթացներին, ըստ մաշկաբանի, ուսուցումը պետք է իրականացվի հավասարը հավասարի սկզբունքի հիման վրա, և ոչ ուսուցչի դոմինանտության: Շատ ավելի նպատակահարմար կլիներ, եթե ուսուցիչը լիներ երիտասարդ, իսկ դասերն ընթանային քննարկումների ձևով` անկաշկանդ մթնոլորտում, աղջիկների և տղաների մասնակցությամբ: Բացի դա, նա նշել է, որ սեռական հարաբերությունների մասին խոսելիս ծնող-երեխա, կամ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում պետք է բացակայի քննադատությունը, ինչը շատ տարածված է Հայաստանում:
Ասուլիսի մեկ այլ մասնակից, Կրթության և գիտության նախարարության նախադպրոցական և դպրոցական վարչության առաջատար մասնագետ Անահիտ Մուրադյանի խոսքով` դպրոցներում իրականացվող դասընթացների նպատակների մեջ է մտնում նաև առաջին սեռական փորձը հնարավորինս հետաձգելը, քանի որ դա թույլ է տալիս խուսափել մի շարք սեռական հիվանդություններից: Բանախոսը կարծիք է հայտնել, որ,թեև դասընթացի նպատակներին մեջ է մտնում նաև տաբուներից ձերբազատվելը, այդուհանդերձ,կուսության թեման ընդգրկված չէ կրթական ծրագրում և դա մնում է փորձառու ուսուցչի հայեցողությանը` խոսել այդ թեմայի մասին, թե ոչ:
Ըստ սեռավարակաբանի, կնոջ համար սեռական հարաբերություններ սկսելու կամ երեխա ունենալու լավագույն տարիք է համարվում 20-25-ը, քանի որ մինչ 24 տարեկան կինը թե հոգեպես, թե ֆիզիոլոգիապես շարունակում է հասունանալ:
Ինչպես նշել է սեռավարակաբան Վարդանյանը, 2008 թվականին Հայաստանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ տղաների և աղջիկների 70-80 %-ի մոտ առաջին սեռական հարաբերության տարիքը 19,6-ն է:
Վարդանյանը նաև պատմել է, իր խոսքով, թաքնված քարոզչության մասին, ինչպես օրինակ, «սիրահարների այգում երեխաների և դեռահասների մոտ անվճար պահպանակների բաժանումը, ինչը արհեստականորեն հետաքրքրություն է ծնում սեռական հարաբերությունների նկատմամբ»:
Բացի դա, սեռավարակաբանի համոզմամբ, քարոչության հարցում մեծ դեր ունեն պոռնո կայքերը, որտեղ քարոզվում է թե´ անապահով սեռական կյանքը, թե’ տարբեր տիպի հարաբերությունները: Ըստ Վարդանյանի, իզուր չէ, որ Հայաստանը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում որոնաղական կայքերում «պոռնո» բառը փնտրելու ցուցանիշով. սա հենց երկրում առկա սեռական դաստիարակության պակասն է: