«Ժողովրդական կուսակցությունը» միայնակ է մասնակցելու մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին և, սովորույթի համաձայն, որևէ դաշինքի չի միանալու ու չի հետևելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմնանը հայտարարել է կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը:
«Մենք համարում ենք, որ դաշինքավորվելը կոալիցիա ստեղծելու փորձ է, որն ընդունված է Հայաստան աշխարհում, սակայն գաղափարները չեն համապատասխանում: Նրանց համար կարևորը գաղափարը չէ, այլ՝ փողն ու ուժը», – հայտարարել է Կարապետյանը և հավելել՝ չկա «եթե միանանք» տարբերակը:
Կարապետյանը միտված է խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրել իր թեկնածությունը: Նա իր թեկնածությունը կառաջադրի Արտաշատի ու շրջակա համայնքները ներառող թիվ 17 ընտրատարածքում: Կուսակցության համագումարը կկայանա մարտի վերջին կամ ապրիլի սկզբին, և կուսակցությունը կկողմնորշվի հետագա անելիքների շուրջ:
«Ընտրությունները լինելու են նույն ստանդարտով, ինչպես եղել է անցյալում ու կանցնեն «դաբրո» ունեցող մարդիկ և կուսակցությունները», – համոզված է Կարապետյանը:
Քաղաքական գործիչը կարևորում է ժողովրդի ակտիվ մասնակցությունը ընտրություններին, չնայած նույն ժողովուրդը ներքուստ համոզված է, որ ընտրությունները լինելու են կեղծ ու շինծու:
«Ժողովրդի 30 տոկոսը Հայաստանում չէ, մյուս 30 տոկոսը չի մասնակցում ընտրություններին, այդ իսկ պատճառով իշխանությունը հնարավորություն է ստանում 60 տոկոսով կեղծել ընտրություննները»,- նշել է նա և սրանով պայմանավորել ընտրատեղամասերում տիրող «արտաքին խաբուսիկ գեղեցկությունն ու հանգիստը»:
Գալիք խորհրդարան անցնելու իր հավանական հնարավորությունը Կարապետյանը գնահատել է 3 կիլո, 500 գրամ:
«Իմ հավանական մրցակիցներ Հովիկ Աբրահամյանից ու Ալիկ Սարգսյանից չեմ վախենում»,- շեշտել է նա: