Հայ հասարակության մեջ կնոջ դերն ու կարևորությունը ոչ թե քաղաքական խնդիր է, այլ քաղաքակրթական: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը:
Նա համոզմունք է հայտնել, որ կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում միայն հարստացնում է տվյալ երկիրը, սակայն, պատգամավորի խոսքով, Հայաստանում առանձին կանանց իրավունքների վրա կենտրոնանալ պետք չէ, քանի որ «ընդհանուր առմամբ մարդու իրավունքները բռնաբարված են»:
«Մեր արիական մշակույթը ինքնառեալիզացման տեղեր չի ստեղծում նույնիսկ տղամարդկանց համար: Արևելյան կլանային տիպի փիլիսոփայություն է իշխում այստեղ: Կուսակցությունների մեծ մասը մեզանում վաղուց շահերի կլուբեր են:
Հայ տղամարդկանց մեծամասնությունը, որոնք օրենսդիր ու գործադիր մարմիններում պաշտոններ ունեն, ձախողել են: Լավ կլինի, որ կինը հնարավորություն ունենա օգտագործել իր հայրենիքին ծառայելու գենոմը»,- ասել է Լիլիթ Գալստյանը` հիշեցնելով, որ ընտրական օրենսգրքի ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների կողմից առաջարկված փոփոխությունների մեջ ներառված էր նաև ԱԺ կին պատգամավորների 30% քվոտա:
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կարծիք է հայտնել, որ գալիք խորհրդարանում կանայք ավելի շատ են լինելու: Նրա խոսքով` կանանց կարևորությունը պետք է այնքան գնահատել, որ ԱԺ-ում նրանց ներկայությունը չբացատրվի քվոտաներով:
«Մարդու իրավունքները, իհարկե, պաշտպանված չեն, սակայն կանայք ավելի խոցելի են մեր հասարակության մեջ: Բայց այն կանայք, ովքեր իրենց խոհանոցից դուրս են գալիս և պայքարում են իրենց իրավունքների համար, հաջողության հասնում են: Լիդերության իրավունքը ապացուցելն ամենօրյա պայքար է կնոջ համար: Երբ ապրում ենք աբսուրդների երկրում, կնոջ դերը էլ ավելի կարևոր է»,- ասել է Լյուդմիլա Սարգսյանը:
Լուսանկարը` economics.kiev.ua