Ազգային Ինքնորոշում Միավորում (ԱԻՄ) կուսակցության ղեկավարությունը, արձանագրելով քաղաքացիների բավարար աջակցության բացակայությանը, հրաժարվել է գալիք խորհրդարանական ընտրություններին միայնակ մասնակցելուց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը:
«Որոշում էր ընդունված, որ մենք չենք մասնակցելու ընտրություներին, բայց ԱԻՄ-ականների մի մասն առաջարկել է դիմել քաղաքացիների ու ստանալ նրանց աջակցությունը: Նրանք համոզված էին, որ մենք դրական պատասխան կստանանք ու սկզբնական շրջանում այդ ակնկալիքներն արդարացված էին: Դա ինչ-որ մի փուլ էր, որից հետո մենք փաստի առաջ կանգնեցինք, որ այդպես շարունակել չի կարելի», – ասել է Հայրիկյանը` նշելով, որ խանդավառության փուլը երկար չի տևել և քաղաքացիներից ստացած հանգանակությունը, որն ԱԻՄ-ը խնդրել էր ընտրություններին մասնակցելու համար, մեծ չի եղել` ընդամենը 14 միլիոն 400 հազար դրամ` ներառյալ խոստացված գումարները:
Նրա խոսքով՝ արդյունքում, կուսակցությունը պատավորված է զգացել ազդարարել, որ ԱԻՄ-ը, որպես քաղաքական կազմակերպություն, չունի այնպիսի գործնական, առարկայական, հասարակական աջակցություն, որի դեպքում արդարացված կլիներ ինքնուրույն ընտրություններին գնալու կոչը:
Հայրիկյանի հավաստմամբ՝ ընտրությունների ու ընտրարշավի համար հանգանակած գումարները մինչև վերջին դրամը կվերադարձվեն նվիրատուներին:
«ԱԻՄ-ականներին իրավունք է տրվում ընտրություն կոչվող միջոցառմանը մասնակցել կամ չմասնակցել սեփական հայեցողությամբ», – հայտարարել է Հայրիկյանը: