Home / Հայաստան / 14-ամյա աղջկա բռնաբարության մեջ մեղադրվող գյուղապետին ձերբակալել են

14-ամյա աղջկա բռնաբարության մեջ մեղադրվող գյուղապետին ձերբակալել են

Մարտի 6-ի ուշ երեկոյան քննիչ Վահրամ Դաղունցի որոշմամբ ձերբակալվել է Սյունքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը, գրում է «Հետքը»` հղում կատարելով ոստիկանությունում իր աղբյուրին:

Աշխատանքային ժամի ավարտի հետ կապված այս տեղեկությունը պաշտոնապես ճշտել չի հաջողվել, սակայն գյուղապետի զոհը դարձած 14-ամյա Կարինեի (անունը փոխված է) հորեղբայրը՝ Գագիկը, «Հետքին» ասաց, որ իրեն նույնպես ծանոթներից մեկը հենց նոր հայտնել է գյուղապետի ձերբակալման լուրը:

Հիշեցնենք՝  համայնքապետ Ազատ Ղուկասյանը միաժամանակ գյուղի դպրոցում դասավանդում է ֆիզկուլտուրա: 14-ամյա Կարինեի հետ վերջինիս կատարածի առնչությամբ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ «Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու» հոդվածի հատկանիշներով (142-րդ հոդվածի 1-ին մաս):

Ինքը՝ գյուղապետը, պնդում էր, որ աշակերտուհուն ոչ բռնաբարել է, ոչ էլ նրա նկատմամբ սեռական որեւէ ոտնձգություն կատարել:

Ավելի վաղ Կարինեի հորեղբայրը «Հետքի» հետ զրույցում պատմել է, որ միջադեպին ականատես են եղել աղջկա դասընկերուհիները, որոնք սկսել են կասկածել, քանի որ ուսուցիչը մի քանի անգամ ֆիզկուլտուրայի ժամին «ինչ-որ տեղ է տարել նրան»:

«Դասընկերուհիներից մեկը, որ շատ ռիսկով աղջիկ է, գնացել է ու բանալու անցքով նայել», – պատմել էր հորեղբայրը:

«Հետքի» տեղեկություններով՝ սա առաջին անգամը չէ, որ 50-ամյա Ազատ Ղուկասյանի անունը կապվում է նման միջադեպերի հետ: Նա ժամանակին դպրոցի տնօրենն էր և, ըստ խոսակցությունների, պաշտոնանկ է արվել աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների պատճառով: Համայնքապետի այս անգամվա զոհը՝ 14-ամյա աղջնակը, տառապում է մտավոր հետամնացությամբ: