Երեկ ժամը 17.00-ին 2011 թվականի փետրվարի 12-ին ԼՂՀ-ի Խոջալուի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից մահացած 22-ամյա զինծառայող Թորգոմ Սարուխանյանի մայրը ծանուցագիր է ստացել, որում նշված էեղել, որ երեկ առավոտյան ժամը 10.00-ին Ստեփանակերտ քաղաքում նշանակված է որդու գործով դատական նիստ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Լենա Սարուխանյանը:
Ծանուցագիրն ուղարկված է գործում նոր ներգրավված դատավոր Հ. Դավթյանի կողմից, իսկ ծանուցագրում նշված է, որ նամակն ուղարկվել է երեկ Գորիսից:
Լենա Սարուխանյանը նշել է, որ դատական նիստին չէր կարղ մասնակցել, որովհետև ծանուցագիրը ժամանակին չի ստացել:
Նա նաև հիշեցրել է, որ արդեն չորս միջնորդություն է ներկայցրել դեռևս նախկին դատավոր Լեռնիկ Աթանյանին, որ ինքն ունի առողջական խնդիրներ և չի կարող հասնել Ստեփանակերտ, բացի դա, մինչև իրեն և իր ներկայացուցիչներին չտրամադրեն գործի նյութերի պատճենները, ինքը նպատակահարմար չի գտնում առանց դրանց ծանոթանալու մասնակցել դատական նիստի:
«Ես կարդացել եմ իմ՝ որպես տուժողի իրավահաջորդի պարտականությունները և դրա 9-րդ կետը ենթադրում է, որ ես կարող եմ ծանոթանալ գործի նյութերին: Լեռնիկ Աթանյանն արհամարհեց ու չտրամադրեց գործի պատճենները: Ես չեմ հասկանում` ինչ ձևով պետք է ես ներկայանամ դատարան: Այս ամենի մեղավորը մեր քննիչն է, եթե նա ժամանակին տրամադրեր պատճենները, այս քաշքշուկների մեջ չէի հայտնվի», – ասել է Սարուխանյանը:
Խոսելով գործով նոր դատավորի մասին՝ Լենա Սարուխանյանն ասել է նրա նկատմամբ նույնպես վստահություն չունի, քանի որ, իրեն թվում է, որ նոր դատավորը լավ տեղյակ է իր միջնորդություններից, բայց դատարանը համառորեն չի ցանկանում դրանց ընթացք տալ:
Հիշեցնենք, որ Թորգոմ Սարուխանյանը բանակ էր զորակոչվել 2009 թվականին: 2011 թվականի աշնանը նա պետք է ավարտեր ծառայությունը: Պաշտոնական վարկածի համաձայն` Թորգոմ Սարուխանյանին դրդել են ինքնասպանության: Մայրն այդ վարկածն արժանահավատ չի համարում` պահանջելով արդար քննություն անցկացնել: