Մարտի 8-ի` կանանց միջազգային օրվա կապակցությամբ, Կանանց ռեսուրսային կենտրոնը բլոգ է թողարկել` որպես կանանց միամսյակին նվիրված միջոցառումների մի մաս:
«30 կանայք` 30 օրում» խորագրով ծրագրի շրջանակներում բլոգում յուրաքանչյուր օր կներկայացվի հայ հասարակության, մշակույթի և քաղաքականության մեջ կարևոր դեր ունեցած մեկ կնոջ պատմություն: Այսօրվա պատմությունը արևելքում առաջին հայ կին դեսպան Դիանա Աբգարի մասին է: Աբգարը (իսկական անունը` Անահիտ Աղաբեկյան) ծնվել է 1859 թվականին Բիրմայում` պարսկահայերի ընտանիքում: Մեծացել է Հնդկաստանում: 1889-ին ամուսնացել է հոնգկոնգցի առևտրական Միքայել Աբգարի հետ և տեղափոխվել Ճապոնիա, որտեղ սկսել է իր գրական գործունեությունը: Ամուսինը մահացել է 1906-ին, իսկ նա երեխաների հետ մշտական բնակություն է հաստատել ճապոնական Յոկոհամա քաղաքում: 1919 թվականին նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության հյուպատոսի պաշտոնում և դարձել առաջին կին դեսպանը Արևելքում:
Աբգարը մի շարք գրքեր և խմբագրականներ է հեղինակել մի քանի լեզուներով, իսկ Հայոց Ցեղասպանության ժամանակ օգնել է հայ փախստականներին Սիբիրի և Ճապոնիայի տարածքով ԱՄՆ տեղափոխվել: Աբգարը մահացել է 1937 թվականին Յոկոհամայում:
Կանանց ռեսուրսային կենտրոնը պատրաստվում է մի շարք այլ միջոցառումներ անցկացնել: Այսօր ժամը 16:00-ին «Դու արժանի ես երջանկության» կարգախոսով երթ կանցկացվի: Երթը կմեկնարկի Տերյան 62 հասցեում գտնվող Կանանց ռեսուրսային կենտրոնի գրասենյակից և կավարտվի Կարապի լճի մոտ` Օպերայի հարևանությամբ:
«Երթի ընթացքում կանանց կբաժանվեն ոգեկոչող թռուցիկներ՝ ծաղիկների տեսքով, որոնք կմատնանշեն կնոջ ոգու ուժն ու վառ անհատականությունը», – ասված է Կենտրոնի պաշտոնական կայքում: