Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP) երեկ աննախադեպ ընդհարումների և փոխադարձ վիրավորանքների ֆոնին հրատապ ռեժիմով Խորհրդարանի Կրթական հարցերով հանձնաժողովում հաստատել է 12-ամյա կրթության անցնելու մասին վիճահարույց օրինագիծը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Հանձնաժողովի նախագահ Նաբի Ավչին օգտվել է քաոսային իրավիճակից և կարդացել բանաձևի մնացած 20 հոդվածները, որոնք անմիջապես ընդունվել են AKP-ի կողմից առանց որևէ քննարկման:
Ողջ գործընթացը տևել է ընդամենը 30 րոպե, ինչը չափազանց կարճ էր` հաշվի առնելով 6-օրյա նիստերը, որոնց արյունքում ընդունվել էին ընդամենը առաջին 6 հոդվածները:
«Վերջ AKP-ի բռնապետությանը», – խորհրդարանի միջանցքներում բղավել են ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) պատգամավորները:
Քննարկումից մոտ մեկ ժամ առաջ AKP-ի մոտ 100 օրենսդիրներ ամբողջությամբ զբաղեցրել էին դահլիճը ` ընդամենը մի քանի տեղեր թողնելով հանձնաժողովի ընդդիմադիր անդամների համար: Նախապես ծրագրված ռազմավարությունը նպատակ ուներ խոչընդոտելու երկար ելույթներով քննարկումները խափանելու CHP-ի մարտավարությունը:
Երբ CHP-ի օրենսդիրները ժամանել էին նիստերի դահլիճ, ստիպված էին եղել խմբվել դռան մոտ: Նրանց առարկությունները հանգեցրել էին բախումների և ծեծկռտուքի:
CHP-ի երկու օրենսդիրներ ընկել էին գետնին: Մեկ օպերատոր տեղափոխվել էր հիվանդանոց:
Հանձնաժողովի նախագահը, այդուհանդերձ, չի դադարեցրել քվեարկությունը և ողջ բանաձևն ընդունվել է բախումների ընթացքում:
Ավչին պաշտպանել է իր որոշումը և մեղքը ընդդիմադիրների վրա գցել: «CHP –ին ասում էր, որ կհասնի նրան, որպեսզի օրինագիծը հետ կանչվի: Հանձնաժողովը չի ընկրկի նրանց սպառնալիքների առջև»,-ասել է նա: CHP-ի օրենսդիրները նախորդ օրերի քննարկումների ժամանակ 130 անգամ ելույթ են ունեցել, որը ընդհանուր 92 ժամ է կազմել:
CHP-ի առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլոն, ով Ստամբուլում օրինագծի հարցով հանդիպումներ է ունեցել ուսուցիչների և լրագրողների հետ նիստը որպես «ժողովրդավարության պատմության մեջ սև բիծ է» որակել` ապօրինի համարելով օրենքի ընդունումը:
Քննադատները նշում են, որ օրենքը նպատակ ունի վերաբացել իմամ-հաթիփի կրոնական դպրոցները: Բանաձևը նաև քննադատվում է մասնագիտական դասարանների վաղ բացման համար, ինչը թույլ կտա աշակերտներին շուտ լքել դպրոցը: Ըստ քննադատների` այս օրենքի ընդունումը կնպաստի վաղ տարիքում երեխաների աշխատանքային շահագործմանը և կխաթարի աղջիկների կրթությունը: