Հայ Ազգային Կոնգրեսում տիրում է ժողովրդավարություն. ՀԱԿ անդամ շատ կուսակցություններ բազում հարցերում ունեն տարբեր կողմնորոշում և ազատություն` բարձրաձայնելու իրենց կարծիքը: Այս մասին հայտարարել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` պատասխանելով Epress.am-ի հարցին, թե արդյոք ՍԴՀԿ-ն խնդիրներ չի ունեցել ՀԱԿ-ի հետ` Ռուսաստանի նախագահական ընտրությունների առնչությամբ ունեցած իր դիրքորոշման պատճառով:
«Եթե հնարավոր լիներ, որ մենք խնդիրներ ունենայինք ՀԱԿ-ի ներսում այն հայտարարությունից հետո, որ կոչ ենք անում ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցներին քվեարկել Վլադիմիր Պուտինի օգտնին, մենք նման հայտարարություն չէինք անի»,- ասել է Սարգսյանը:
ՍԴՀԿ ատենապետը հերքել է այն լուրերը, թե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանից ստացել է զգուշացում` Վլադիմիր Պուտինին սատարելու կոչ անելու և ընտրություններից հետո նրա հաղթանակը ողջունելու համար:
«Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք իրեն թույլ չի տվել դիտողութուն անել որևէ կուսակցության: Եթե նկատել եք, Կոնգրեսում որոշ այլ կուսակցություներ այլ տեսակետ են հայտնել Ռուսատանի ընտրությունների առթիվ: Կոնգրեսում կան արևմտամետ, և ռուսամետ ուժեր: Մենք պարտավոր ենք պահպանել այն ռազմական բարիդրացիական հարաբերությունները, որոնք ունեցել ենք Ռուսատանի հետ»,- ասել է Լյուդմիլա Սարգսյանը: