«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Բլեյանը գալիք խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով կառաջադրվեր ցանկացած անծանոթ ընտրատարածքում, եթե չզբաղեցներ կրթահամալիրի տնօրենի պաշտոնը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ինքը` Բլեյանը, ու խորհուրդ տվել յուրաքանչյուրին հավակնոտ լինել ու առաջադրել իր թեկնածությունը՝ առանց մտածելու, թե ով է լինելու մրցակիցը:
«Կյանք մտցրեք այս ընտրությունների մեջ, թե չէ բարձր տեղերն արդեն բաժանել են», – նշել է նա:
Բլեյանը նշել է, որ ինքը կուզենար իրացնել իր ազատ ընտրության իրավունքը գոնե այս ընտրությունների միջոցով և առաջին հերթին՝ որպես ընտրող:
«Կուզենայի, որ այս քվեարկություններով ընտրություններն ավարտվեին: Չէի ուզենա, որ հերթական անգամ քվեարկությունից հետո ընտրությունները չավարտվեին և լիներ այն նույն հետընտրական վիճակը, ինչպես եղավ 2003, 2007 կամ՝ հատկապես 2008 թվականներին: Ի վերջո ընտրությունները քաղաքական, ներքաղաքական ճգնաժամերն ու որոշակի փուլերը հաղթահարելու միջոց են, որից հետո հասարակությունը պետք է անցնի իր բնականոն կյանքին: Ուզում եմ չկասկածել իմ ձայնին», – ասել է Բլեյանը:
Նրա հավաստմամբ՝ ընտրություններին պետք է ակտիվ մասնակցի ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, այլապես ոչինչ չի փոխվելու՝ ինչ է 2008 թվականին չէի՞ն ուզում արդար ընտրություն:
«Ինչպես այսօր, այն ժամանակ ևս կային նույն խոստումները, լոզունգները: Ես չեմ մտածում, որ ինձ խաբել են, ես մտածում եմ, որ ես եմ խաբվել, այսինքն՝ ես ուզեցել եմ, ես թույլ եմ տվել, որ ինձ խաբեն: Պատճառն այն է, որ այդքան խելամիտ, հետևողական, լուրջ չեմ եղել: Ունենալով տարիների փորձը որպես ընտրող` պետք է զգոն լինեմ», – նշել է նա:
Բլեյանի խոսքով՝ ԱԺ-ն գործատու է, իսկ պատգամավորի աշխատանքը բավական գրավիչ աշխատանք է: Նա հարց է տվել` ԱԺ-ն այսօր արդյո՞ք հնարավորություն տալիս է ինչ-որ հավակնություններ ունեցող, խելացի, գրագետ, երիտասարդ, որևէ կուսակցություն չներկայացնող, անկախ մարդկանց հավակնել պատգամավորի պաշտոնին:
«Որքան հետաքրքիր կլիներ 41 ընտրատարածքներում տեսնել նման մարդկանց: Թեև օրենսդրորեն կարող են, սակայն մտցրած մեկ միլիոն դրամ գրավն արդեն սահմանափակում է նրանց ընտրվելու իրավունքները: Նրանց խորհրդարան գալով` կունենայինք նոր անուններ ու, չնայած ունեցած որոշակի նախասիրություններին, կունենայինք անկախ պատգամավորներ: Իսկ այսօրվա գործարարը չի կարող պատգամավոր աշխատել, ինչը ենթադրում է 24-ժամյա աշխատանք: Պետք չէ այդքան անհարգալից լինել հասարակության նկատմամբ: Պետք չէ ցինիկ լինել», – շեշտել է Բլեյանը: Նա կոչ է արել օլիգարխներին թողնել պատգամավորի աշխատանքն ու խորհրդարանը ավելի բանիմացներին: