Հյուսիսային Կիպրոսի ուսանողների նախաձեռնությունը բողոքով է հանդես եկել Թուրքիայի պետնախարար և Եվրամիության հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշի կողմից արված այն հայտարարության դեմ, ըստ որի «Հյուսիսային Կիպրոսը կարող է միանալ Թուրքիային»: Այս մասին հաղորդում է թուրքական bianet.org-ը:
Հյուսիսային Կիպրոսի ուսանողները, որոնք սովորում են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, կիրակիերեկոյան հավաքվել են Անկարայի Յուքսել պողոտայում և երթ նախաձեռնել, որի ընթացքում նրանք վանկարկել են. «Մենք ծառա չենք, մենք գաղութ չենք», «Զավթիչ Թուրքիա, դո´ւրս արի Կիպրոսից», և «Թող հարատև լինի թուրք, քուրդ և հայ ժողովուրդների եղբայրությունը»:
Ուսանողները նաև պաստառներ էին ունեին հետևյալ կարգախոսներով .«Թուրքիա, Հունաստան և Անգլիա, ձեռքներդ ձեզ քաշեք և ձեր ռազմաբազաները հանեք Կիպրոսից» և «Տեղդ հիշիր, Բաղի’շ, Կիպրոսի ինքնավարությունը կիպրոսցիներինն է»:
Կիպրոսի ուսանողները պատրաստվում են շարունակել իրենց պայքարը «մինչ Կիպրոսը չազատագրվի բոլոր գաղութատերերից»:
Ուսանողները նաև հայտարարել են. «Թուրքիայի բոլոր մութ ուժերը և կղզու իշխանությունները պետք է իմանան, որ Կիպրոսի թուրքերն իրենց խաղերից դուրս են: Համակարգված պայքար է իրականացվելու Կիպրոսի թուրքերի և Կիպրոսի հույների կողմից, ովքեր ձեռնամուխ են լինելու կղզին բոլոր իմպերիալիստական ուժերից, բոլոր զավթիչներից ազատագրելու գործին»:
Ակցիայի մասնակից, ուսանող Չելալ Օզկիզանը bianet-org-ի հետ զրույցում հայտարարել է, որ Կիպրոսը Թուրքիայի գաղութն է, իսկ իրենք ցանկանում են, որպեսզի Կիպրոսն իրականում ազատ լինի:
Հիմնականում թուրքերով բնակեցված Հյուսիսային Կիպրոսն ինքնահռչակ երկիր է, որը ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից: Միջազգային հանրությունը համարում է, որ Հյուսիսային Կիպրոսը դա հիմնականում հույն կիպրոսցիներով բնակեցված Կիպրոսի Հանրապետության բռնազավթված տարածքն է: