Կապված Ռուսաստանի նախագահական ընտրությունների հետ` Հայաստանը պետք է նկատի և վերլուծի երկու փաստ. Պուտինի դեմ ի հայտ է եկել լուրջ ընդդիմություն, իսկ արևմուտքի արձագանքը կեղծված ընտրություններին բավական մեղմ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Ռուսաստանի ընտրությունների առաջին դասը Հայաստանի համար, քաղաքագետի գնահատմամբ, այն է, որ վտանգավոր է անտեսել փոփոխության գնալու հասարակական պահանջը: Երկրորդ դասը` ռուսաստանյան ընդդիմության ձևավորման պայմաններում` մեր ընտրությունները ավելի կարևոր են դառնում:
«Մայիսի ընտրությունները Հայաստանի պատմության մեջ ամենակարևորն են և պետք է լինեն լավագույնը: Կապ չունի` ինչ են ասում ընդդիմությունը և իշխանությունը, եթե մայսիսի ընտրությունները չտարբերվեն նախորդ ընտրություններից, շատ մեծ ճնշումներ կլինեն Հայաստանի վրա, սա առաջին համապետական ընտրություններն են մարտի 1-ից հետո», – ասել է Ռիչարդ Կիրակոսյանը:
Նա նշել է, որ Վլադիմիր Պուտինի ընտրվելը տակտիկական փոփոխություն կբերի նաև ԼՀ հարցի կարգավորման գործընթացում:
«Ի տարբերություն Մեդվեդևի, Պուտինը շատ ժամանակ չի ծախսի Սարգսյանի և Ալիևի հետ, նա կճնշի կողմերին: Հայաստանի վրա այս ճնշումը չի գործի, Սարգսյանը Քոչարյան չէ: Սարգսյանը անձնական ջերմ կապեր չունի Պուտինի հետ, ինչը Հայաստանի համար լավ է: Սակայն պետք է նկատել նաև, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման միտում կա»,- ասել է Ռիչարդ Կիրակոսյանը: