Հայաստանի և Ադրբեջանի առաջին տիկնայք հայտնվել են ԱՊՀ երկրների ամենավառ կանանց վարկանշային աղյուսակում` ըստ «ՄԻՐ» հեռուստատեսության:
Համաձայն հեռուստաալիքի, Հայաստանի նախագահի կին Ռիտա Սարգսյանը քիչ է հետաքրքրվում քաղաքականությամբ. «Նրան ավելի շատ բարեգործությունն է հետաքրքրում: Բարեգործությունը հաջող կերպով համընկնում է մշակույթին աջակցելու նրա գործունեության հետ, չէ՞ որ Սարգսյանն իր մասնագիտական գործունեությունը սկսել է որպես մանկապարտեզի երաժշտության ուսուցիչ: Հայաստանի առաջին տիկինը համերգներ է կազմակերպում, որի ողջ հասույթը փոխանցում է որբ երեխաներին, հաշմանդամներին և բազմազավակ ընտանիքներին»:
Ի տարբերություն Սարգսյանի, Ադրբեջանի առաջին տիկինը` Մեհրիբան Ալիևան, ականավոր տեղ է զբաղեցնում քաղաքականության մեջ, նշում է «ՄԻՐ»-ը: Նա խորհրդարանի պատգամավոր է, ադրբեջանա-ֆրանսիական միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի ղեկավարը, ինչպես նաև Հեյդար Ալիևի հիմնադրամի և Ադրբեջանի մշակութային ընկերների հիմնադրամների նախագահը, բացի դա ՅՈՒՆԵՍԿՕ-ում, ՄԱԿ-ում և «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության բարի կամքի դեսպանն է:
Կանանց վարկանշային աղյուսակում են հայտվել նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ռուսաստանյան հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը, էստրադային երգչուհի Ալլա Պուգաչյովան և այլք: