ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում իսկական ջարդ է կազմակերպել ՄԻՊ գրասենյակում, «Հրապարակ» թերթում տպագրված «Օմբուդսմենը նաև չինովնիկ է» հոդվածում գրում է Սյուզան Սիմոնյանը։
Համաձայն հոդվածագրի, օմբուդսմենը, ով պաշտոնը ստանձնել է 2011 թվականի մարտին, ուռճացրել է ՄԻ գրասենյակի հաստիքացանկն ու գրասենյակը մինի-նախարարության է վերածել։
«Ջարդի վերջին զոհերը խորհրդականներն էին՝ Նատալյա Ադամյանը, Տիգրան Մարտիրոսյանը և Ռուստամ Մախմուդյանը, որոնք երեքն էլ փորձառու իրավաբաններ են։ ՄԻՊ գրասենյակում խճճվում են, չեն կարողանում հստակ նշել նրանց ազատման պատճառը։ «Հրապարակի» հարցմանն ուղարկած գրավոր պատասխանում մեկ նշվում է, որ խորհրդականներն «աշխատանքից ազատվել են իրենց դիմումների համաձայն», մեկ էլ, թե՝ «երեք խորհրդականների հաստիքների կրճատման շնորհիվ նոր՝ իրավական վերլուծությունների վարչություն է ստեղծվում»: Ռուստամ Մախմուդյանից իմացանք, որ նա ընդհանրապես ազատված չէ աշխատանքից, այլ գտնվում է արձակուրդում։ Ինչպես և ՀՀ նախարարություններում, պաշտպանի աշխատակազմում գործում են վարչություններ։ Նոր ստեղծվողը 8-րդն է լինելու, որը, «ի թիվս այլ գործառույթների, կատարելու է օրենսդրական նախագծերի փորձաքննություն և մշակելու է պաշտպանի տարեկան և միջանկյալ զեկույցները», – նշում է հոդվածագիրը:
Նա ընդգծում է, որ «մինի-նախարար Կարեն Անդրեասյանը երկու տեղակալի հաստիք է սահմանել»։ Նրանցից մեկը՝ Աշոտ Վահանյանը, իր բերած կադրերից է, մյուսը՝ Գենյա Պետրոսյանը, հին աշխատող է, որի բախտը բերել է այնքանով, որ Կարեն Անդրեասյանի շրջապատից մեկի՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչ, երգերի հեղինակ Վարդան Զադոյանի կինն է։
Սյուզան Սիմոնյանը նշում է` պատահական չէ, որ պաշտպանը չի վայելում իրավապաշտպան կազմակերպությունների վստահությունը։
Վերջերս երեք իրավապաշտպան կազմակերպություն հրաժարվել են նրա գրասենյակի հետ ստորագրած համագործակցության հուշագրից։
«Ինչո՞ւ» հարցին գրասենյակից «Հրապարակին» պատասխանել են.
«Համատեղ աշխատանքից հրաժարված 3 հասարակական կազմակերպությունները ոչ լիովին էին ընդգրկվել ակտիվ համագործակցության շրջանակներում, ինչն առաջացրել էր իրենց դժգոհությունը։ Սակայն պաշտպանի աշխատակազմի հետ բանակցությունների արդյունքում վերականգնվել է նրանց հետ փոխգործակցությունը, և նրանց հետ քննարկվում և մշակվում են համատեղ նոր ծրագրերը»։
«Չկա նման բան, – թերթի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Մարդու իրավունքների պաշտպանության երևանյան կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սուրեն Իսկանդարյանը, որը պաշտպանի հետ համագործակցությունը մերժողներից է: – Այդ հուշագիրը ձևական բնույթի էր։ Այդ գրասենյակի միջոցով մենք ուզում էինք փակ գոտիներում, ասենք, ՁՊՎ-ևերում գտնվող մարդկանց ահազանգերը տեղ հասցնել։ Նրանք միակ կառույցն են, որ ՁՊՎ-ներ մուտքի իրավունք ունեն։ Սակայն սեպտեմբերից ոչինչ չարվեց»:
«Կարեն Անդրեասյանն ակնհայտ սուտ է խոսում, – ասել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը, որը ևս հանել է իր ստորագրությունը փաստաթղթի տակից։ – Իր ստելու համար նա բարոյական իրավունք չունի ՄԻՊ հարցերով զբաղվելու։ Մենք հուշագիրը ստորագրել էինք զինծառայողների իրավունքների պաշտպանության շուրջ։ Բանակայինների մահերի այսքան դեպքեր եղան, բայց նա ոչ մի հայտարարություն չարեց։ Նման համագործակցություն մեզ պետք չի։ Նույն հաջողությամբ ինքը կարող էր դառնալ շինարարության պետ»:
Հոդվածագիրը նշում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին մոտ կանգնած մասնագետներից այդ հաստատության գործառույթներին անհարիր մի քանի տեդեկություն է ստացել։
«Օրինակ, որ գրասենյակը սպասարկող ծառայողական 4 մեքենաներից մեկն օգտագործում է օմբուդսմենի տիկինը, և որ ինքը՝ օմբուդսմենը, վարում է «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենա։ Դրա նվազագույն գինը ԱՍՆ 39 հազար դոլար է։ Այս տեղեկությունների վերաբերյալ գրասենյակից ստացանք ոչ հերքող, ոչ հաստատող գրություն. «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ունի 4 ծառայողական ավտոմեքենա՝ 2002թ. «ՎԱԶ 21214», 2003թ. «ԳԱԶ 3110-101», 2004թ. «ԳԱԶ 31105-120» և 2006 թ. «Նիսան Մաքսիմա» մակնիշների։ Առաջին մեքենան սպասարկում է գործերի կառավարչությանը, երկրորդը՝ պաշտպանի տեղակալին, երրորդը՝ արագ արձագանքման խմբին, չորրորդը՝ պաշտպանին։ Պաշտպանն ունի «Volkswagen» մակնիշի մեկ անձնական ավտոմեքենա, որը գնել է դեռևս 2008 թվականին»: Մեր աղբյուրներից նաև տեղեկացել էինք, որ պաշտպանի տարեկան զեկույցը, որի հրապարակումը սպասվում է մարտի վերջին, նախապես ուղարկվել է իրավապահ մարմիններին, մասնավորապես, ոստիկանություն՝ վերջիններիս հետ համաձայնեցնելու նպատակով, ինչը գրասենյակից նույնպես համոզիչ կերպով չհերքվեց։ «Տարեկան զեկույցը կազմելիս պաշտպանը խորհրդակցել է մի շարք պետական մարմինների հետ։ Զեկույցում ներկայացվելիք բազմաթիվ մասնագիտական խնդիրներ պարզաբանվել են համապատասխան ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների կողմից»։Ի՛նչ արժե մարդու իրավունքների խախտումների մասին զեկույցը, որը հրապարակումից առաջ խմբագրել են, ասենք, գլխավոր դատախազը կամ ոստիկանապետը։ Մտածելու բան է։ Հիշեցնենք, որ «ՄԻՊ-ի մասին» օրենքով նման բան սահմանված չէ, այլ ասվում է միմիայն ստացված բողոքները պետական մարմինների հետ քննարկելու մասին», – եզրափակում է Սյուզան Սիմոնյանը։