LifeNews լրատվական կայքի գլխավոր խմբագիր Աշոտ Գաբրելյանովը նամակ-բողոք է գրել Մոսկվայի ոստիկանության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևի անունով` ընդդեմ ռուսաստանյան հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակի, ինչպես նաև ընդդիմադիր գործիչներ Իլյա Յաշինի և Անաստասիա Օգնևայի: Գաբրելյանովը պնդում է, որ նրանք հարձակվել են iNews մեդիահոլդինգի լրագրողների վրա, ծեծի ենթարկել նրանց և խլել տեսախցիկը:
Գաբրելյանովի Live Journal-ի բլոգում տեղադրված բաց նամակում ասվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Տվերսկայա պողոտայում գտնվող ռեստորանի մոտ: Ընդհարումը սկսվել է այն ժամանակ, երբ լրագրողները ռեստորանում նկարահանելիս են եղել Սոբչակի զրույցը ընդդիմադիրների հետ:
«LifeNews-ի լրագրողները կատարում էին իրենց մասնագիտական գործունեությունը. եկել էին հանրային վայր և նկարահանում էին մարդկանց, ովքեր չեն վախենում իրենց կարծիքն արտահայտել Մոսկվայի կենտրոնում`տրիբունաներից»,-գրում է Գաբրելյանովը: Հատկապես ինչն է կոնֆլիկտի պատճառ դարձել, պարզ չէ, սակայն, ըստ Գաբրելյանովի, ամեն ինչ ավարտվել է նրանով, որ Սոբչակը, Յաշինը և Օգնևան հարձակվել են լրագրողների վրա:
Գաբրելյանովի խոսքով` տուժած լրագրողները դիմում են ներկայացրել ոստիկանություն:
Միաժամանակ, Սոբչակի Twitter-ում գրված հաղորդագրությունների համաձայն, միջադեպը տեղի է ունեցել «Տվերբուլ» ռեստորանում: Հաղորդավարի խոսքով` LifeNews-ի լրագրողները, իսկ ըստ Սոբչակի «լրտեսները», գաղտնալսում էին իր զրույցը Յաշինի և Օգնևայի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՌԴ նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Միխայիլ Պրոխորովի նախընտրական շտաբի ղեկավար Անտոն Կրասովսկին, GQ ամսագրի գլխավոր խմբագիր Նիկոլայ Ուսկովը և «Դոժդ» հեռուստաալիքի հիմնադիր Նատալյա Սինդեևան:
Սոբչակի խոսքով` LifeNews-ի լրագրողները ոչ միայն գաղտնալսում էին իր զրույցը Յաշինի և Օգնևայի հետ, այլև սադրիչ գործողությունների են դիմել` ռեստորան կանչելով ոստիկանությանը: