Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների գործով հերթական դատական նիստի ժամանակ հարցաքննվել են չորս վկաներ Սամսոն Ղարիբյանը, Մարտիրոս Մարգարյանը, Միշա Մեսրոպյանը և Սահակ Գալստյանը, որոնք բոլորն էլ ոստիկանական համակարգի աշխատողներ են:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը:
Վկաներից Սամսոն Ղարիբյանն իր ցուցմունքում նշել է, որ երիտասարդներին բերման են ենթարկել, քանի որ «իրավիճակը վերհսկողությունից դուրս էր եկել, և չնայած ոստիկանները փորձել են բանակցել երիտասարդների հետ, բայց չի ստացվել»:
Ղարիբյանի խոսքով` միջադեպի վայրում հավաքված ամբոխը խոչընդոտել է մեքենաների երթևեկությունը:
«Ամբոխը, թե՞ մենթերը» Տիգրան Առաքելյանի հարցից հետո վկան վրդովվել է` ասելով, որ ոստիկանների հասցեին վիրավորական արտահայտություն է հնչում:
Դատավոր Գագիկ Պողոսյանը նկատողություն է արել Առաքելյանին` զգուշացնելով, որ խիստ սանկցիա կկիրառի նրա նկատմամբ, եթե նման բան կրկնվի:
Տիգրան Առաքելյանը, իր հերթին, նշել է, որ ոստիկանը վիրավորում է մարդկանց` նրանց ամբոխ անվանելով:
Այնուհետև Ղարիբյանն ասել է, որ Տիգրան Առաքելյանը կարող էր կանխել միջադեպը, բայց չի արել դա: Վերջինս նաև նշել է, որ տեսել է, թե ինչպես է Առաքելյանը հարվածել երկու ոստիկանի:
Վկաներից Մարտիրոս Մարգարյանը ոստիկանության ՊՊԾ գնդում վարորդ է աշխատում, և միջադեպի օրը Տիգրան Առաքելյանին և Վահագն Գևորգյանին 4 ոստիկանների ուղեկցությամբ հենց իր մեքենայով են բերման ենթարկել: Վերջինս պատմել է, որ ճանապարհին հարվածի ձայն է լսել, և ծառայակիցներից մեկից հարցրել է, թե ինչ է պատահել: Նրան պատասխանել են, որ Առաքելյանը գլխով հարվածել է իրենց աշխատակից Տիգրան Ավետիսյանի քթին և վերջինիս քթից արյուն է հոսում: Նա նաև պատմել է, որ լսել է, թե ինչպես Տիգրան Առաքելյանը խնդրել է «թևերը թուլացնեն, քանի որ սիրտը լավ չի», և դրան հաջորդել է հարվածի ձայնը:
Առաքելյանը նրան հարցրել է, թե արդյոք այդ ընթացքում ինքը մեքենան չի կանգնեցրել. վկան բացասական պատասխան է տվել:
Հիշեցնենք, որ միջադեպից հետո մեքենայում եղած Վահագն Գևորգյանը ԶԼՄ-ների հետ զրույցում պատմել էր, որ Տիգրան Ավետիսյանը մեքենայում խեղդում էր Առաքելյանին, իսկ վարորդը փորձել է միջամտել և ընթացքի ժամանակ նույնիսկ մեքենան մի պահ կանգնեցրել է և պահանջել, որպեսզի Ավետիսյանը դադարեցնի իր գործողությունները:
Սակայն դատարանում վկան չի պատմել այդ մասին, այնուամենայնիվ, Տիգրան Առաքելյանը մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել Մարգարյանին:
Մեկ այլ վկա Միշա Մեսրոպյանն ասել է, որ միջադեպի ժամանակ Տիգրան Առաքելյանն իր գլխարկը վերցրել է և նետել գետնին: Երիտասարդներին բերման ենթարկելու ընթացքին նա չի մասնակցել: Նա և ևս մեկ ոստիկան` Սահակ Գալստյանը նշել են, որ Առաքելյանը ոստիկաններին հայհոյել է:
Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 16-ին, ժամը 12:00-ին: