Երկուշաբթի կեսօրին Թուրքիայում ազատ են արձակվել ծայրահեղական «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցելու կասկածանքով նախորդ տարի ձերբակալված 4 լրագրողների:
Ազատ արձակված 4 լրագրողների թվում են նաև Հրանտ Դինքի մասին երկու գրքերի հեղինակ, հայտնի լրագրող Նեդիմ Շեները և հետաքննող լրագրող Ահմեդ Շիկը:
Շեները և Շիկը ձերբակալվել էին նախորդ տարվա մարտին: Նրանց ձերբակալությունը մտահոգության առիթ էր ստեղծել Թուրքիայում`կապված ԶԼՄ-ների և խոսքի ազատության խնդիրների հետ: ԱՄՆ-ն, ԵՄ-ն և իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտում էին լրագրողների ազատազրկումը, որը ըստ նրանց, բացասաբար է ազդում Թուրքիայի` Միջին Արևելքում որպեսի ժողորդավարության մոդելի իմիջի վրա:
Մյուս երկու կասկածյալներ` Չոշկուն Մուսլուկը և Սաիթ Չակիրը նույնպես ազատ են արձակվել:
Միաժամանակ Ստամբուլի դատարանը հրաժարվել է ազատ արձակել գործով անցնող ևս 6 լրագրողների:
Եթե նրանց մեղքը հաստատվի յուրաքանչյուրը 15 տարվա ազատազրկման կդատապարտվի:
Հաջորդ նիստը տեղի է ունենալու հունիսի 18-ին:
Լրագրողներն իրենց դեմ հարուցված քրեական գործը քաղաքանապես մոտիվացված են համարում և որպես «արդարության սպանդ» են որակում:
Նշենք, որ Թուրքիան կալանքի տակ է պահում լրատվական դաշտի հետ առնչություն ունեցող 100 մարդկանց, թեև իշխանությունները հայտարարում են, որ նրանք բանտում են ոչ իրենց մասնագիտական գործունեության համար: