Հայ Ազգային Կոնգրեսի համամասնական ցուցակը, ըստ «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունների, արդեն պատրաստ է:
Թերթը նշում է, որ իրեն հաջողվել է ճշտել ցուցակի առաջին վեցնյակը:
«Առաջին երեք տեղերը վաղուց էին հայտնի՝ Լևոն Տեր-Պետրոսյան, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյան, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան։ Ցուցակի 4-րդ հորիզոնականում, ըստ ամենայնի, լինելու է ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը, 5-րդում՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։ Ցուցակի առաջին տիկինը, ինչպես և սպասելի էր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն է` 6-րդ տեղում», – գրում է թերթը:
«Հրապարակը» նաև նշում է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն ընդգրկված է առաջին ութնյակում։ Նրա հարևանությամբ կլինի Հրանտ Բագրատյանի անունը։
«Ամենալուրջ վեճերը ծագել են Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Շահնազարյանի պարագայում, ովքեր կուսակցությունների ղեկավարներ չեն, սակայն Տեր-Պետրոսյանը մտադիր է եղել նրանց առաջին տասնյակում գրել։ Թե ինչպես է ավարտվել վեճը, կերևա մոտ օրերս», – եզրափակում է թերթը։