Թե Երիտասարդ անձավագետների միությունը, թե Հայաստանի քարանձավագիտության կենտրոնը, թե բազմաթիվ մտահոգ անհատներ բազմիցս հնչեցրել են իրենց մտահոգությունները` կապված Հայաստանի քարանձավների պահպանման հանդեպ պատշաճ ուշադրության բացակայության հետ: Այս մասին ասված է այսօր Երիտասարդ անձավագետների միության նախագահ Սարգիս Հովհաննիսյանի տարածած հայտարարության մեջ:
«Եկել է անտարբերության պտուղները քաղելու ժամանակը` փլվել է Մոզրովի քարանձավի մուտքի հատվածը: Պետական հոգածության բացակայությունն այսօր սրիկայաբար փորձում են կոծկել մշակույթի նախարարության պաշտոնյաները` հայտարարելով, թե Մոզրովի քարանձավում «նոր փլուզումներ չկան», սակայն հաջորդ նախադասությունում իսկ մատնում են իրենք իրենց, ասելով, թե «այդ փլուզումները բնական բնույթ են կրում»` մոռանալով ժամանակակից քարանձավապահպանման մեթոդների գոյության և այդ հարցի հանդեպ սեփական բացարձակ անտարբերության մասին: Այսօր վտանգված են մնում նաև Արջերի և Մագելի քարանձավները: Թող Մոզրովի հետ կատարվածը դաս լինի բոլորիս համար», – ասված է հայտարարության մեջ:
Լուսանկարը` wikipedia.org