Մաշտոցի պուրակում նստացույց իրականացնող ակտիվիստները, պատասխանելով, ոստիկանության հայտարարությանը, կոչ են արել չմիջամտել «իրենց հանրային սեփականությանը տեր կանգնող քաղաքացիների գործողություններին»:
Այս մասին ասված է ակտիվիստների այսօր տարածած հայտարարության մեջ:
«Մաշտոցի պուրակում իրականացվող անօրինական շինարարության դեմ հասարակության անդամների գործողությունները չեն կարող դիտվել որպես ինքնիրավչություն, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 8-րդ կետը որպես քաղաքացիների իրավունքների պաշտպանության եղանակ է դիտարկում իրավունքների ինքնապաշտպանությունը: Այդպիսի ինքնապաշտպանության ձևերից մեկն է հանրային սեփականությունը վարչական մարմինների անօրինական որոշումներով իրականացվող ոտնձգություններից պաշտպանելու իրավունքը: ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ազատ է կատարել այն, ինչն արգելված չէ օրենքով»: Որևէ օրենքով արգելված չէ, որ հասարակությունը իր հանրային սեփականության իրավունքը պաշտպանելու համար ստեղծի ինքնակազմակերպման մարմիններ, այդ թվում` հասարակական հիմունքներով գործող «Քաղաքացիական արդար և անկախ դատարան»,- մասնավորապես, ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 8-ին բնապահպման ակտիվիստները հայտարարել էին «քաղաքացիական արդար և անկախ դատարանի ստեղծման մասին», որը կոչված էր լինելու քննել հանրային ունեցվածքի ու ազգային հարստության զավթման, կողոպտման, մասնավորեցման հիմնախնդիրները:
«Մաշտոցի պուրակում իրենց հանրային սեփականության իրավունքը պաշտպանող քաղաքացիները որևէ այլ անձի կամ կենդանու նկատմամբ երբևէ բռնություն չեն կիրառել և բռնություն կիրառելու կոչեր չեն արել: Ընդհակառակը, բազմաթիվ առիթներով նշել են, որ միջոցառումները կրում են խաղաղ բնույթ և իրականացվում են անմիջական ժողովրդավարության, իրավունքի գերակայության և սահմանադրականության սկզբունքների շրջանակներում: Ինչպես բազմիցս հայտարարել են քաղաքապետարանի զանազան չինովնիկներ, խնդրո առարկա կրպակները համարվում են համայնքի սեփականությունը: Հետևապես, այդ գույքը ևս պատկանում է համայնքի անդամներին, քանի որ ձեռք է բերվել նրանց կողմից վճարված հարկերի հաշվին:
Ինչ վերաբերում է միջոցառման մասնակիցների նկատմամբ ոստիկանության հնարավոր գործողություններին, ապա հայտարարում ենք, որ ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին պարտավոր է ենթարկվել յուրաքանչյուր ոք, սակայն այդ պահանջները պետք է հիմնված լինեն ոչ թե ձևական օրենսդրական ընթացակարգերի վրա, այլ առաջնորդվեն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված` մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով», – ասված է ակտիվիստների հայտարարության մեջ:
Ակտիվիստներն ընդգծում են, որ Մաշտոցի պուրակում անօրինական կարգով տեղադրված կրպակների ապամոնտաժումը հասարակական կարգի կամ հասարակության անվտանգության խնդիրներ չի առաջացնում:
«Իրականացվող բոլոր գործողությունները գտնվում են բացառապես քաղաքացիաիրավական հարաբերությունների դաշտում: Հետևապես, տվյալ պարագայում ոստիկանության միջամտության անհրաժեշտություն ևս չկա, և ոստիկանությունը չի կարող «հասարակական կարգի պահպանության» պատրվակով արդարացնել իր կողմից իրականացվող հնարավոր բռնությունները:
Ոստիկանությանը կոչ ենք անում չմիջամտել իրենց հանրային սեփականությանը տեր կանգնող քաղաքացիների գործողություններին: Բավարար իրավական հիմքերի առկայության դեպքում համապատասխան կառույցները կարող են դատական հայց ներկայացնել և պահանջել իրենց պատճառված «վնասի» հատուցում»», – նշում են հայտարարության հեղինակները: