Home / Հայաստան / Ոստիկանությունը զգուշացնում է Մաշտոցի այգու համար պայքարող ակտիվիստներին

Ոստիկանությունը զգուշացնում է Մաշտոցի այգու համար պայքարող ակտիվիստներին

Մաշտոցի այգու համար արդեն մեկ ամիս շարունակ պայքարող  բնապահպանները  վաղվանից սկսելու են շուրջօրյա նստացույց այգում: Այս մասին երեկ հայտարարություն է տարածվել պուրակի պաշտպանների Facebook-յան էջում:

Ակտիվիստները այգու շինությունները ապամոնտաժելու համար քաղաքային իշխանություններին տալիս են վերջնաժամկետ` մինչև մարտի 16-ը:

Մեր այն հարցին, թե ինչ են անելու բնապահպանները, եթե մինչ վերջնաժամկետը այգին կարքի չբերվի, ակիվիստ Ռուզաննա Գրիգորյանը պատասխանել է, որ ակտիվիստները մտադիր են սեփական ձեռքերով իրականացնել կրպակների ապամոնտաժումը:

Արձագանքելով բնապահպանների հայտարարություններին` ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է, թե ինքնակոչ դատարանի կողմից որևէ մեկին պատկանող գույքը կալանքի վերցնելը օրենքի կոպիտ խախտում է, որը չի կարող որակվել այլ կերպ, քան ինքնիրավչություն:

«Ավելին, տաղավարների ապօրինի ապամոնտաժումը անխուսափելիորեն զգալի չափերի վնաս կպատճառի անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքին, իսկ դա արդեն հանցագործություն է` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) նախատեսված արարք, որի կատարման դեպքում մեղավորները անխուսափելիորեն կենթարկվեն քրեական պատասխանատվության», – ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ վերոնշյալ հոդվածով մեղավոր ճանաչվածները պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:ՀՀ ոստիկանությունը նաև նախազգուշացնում է, որ տաղավարների ապօրինի, ինքնագլուխ ապամոնտաժման նպատակով հավաքույթներ անցկացնելը չի պաշտպանվում հավաքների ազատությամբ օրենքով: Ոստիկանությունը հորդորում է նաև քաղաքացիներին ձեռնպահ մնալ նման գործողություններից և որևէ կերպ չենթարկվել հակաօրինական արարքների դրդող կոչերին: