Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մարտի 13-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հրամանագիր է ստորագրել: Երկրի Ժողովրդական խորհրդի (խորհրդարան) կայքը այսօր հայտնել է, որ 2012 թվականի մայիսի 7-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկայանան:
Ընտրություններն առաջին անգամ կընթանան 2012-ի փետրվարի 27-ին անցկացված հանրաքվեի արդյունքում ընդունված նոր Սահմանադրությանը համապատասխան: Նոր կանոնների համաձայն, բացի իշխող «Բաաս» կուսակցությունից, խորհրդարանում հայտնվելու հնարավորություն կստանան նաև երկրում օրինական գործող բոլոր կուսակցությունները:
Միաժամանակ, հրամանագրում քվոտաներ կան Սիրիայում արաբական սոցիալիզմի կառուցումից ի վեր երկրում գործող բանվորների և գյուղացիների համար: Այսպիսով, 250 խորհրդարանականներից 127-ը պետք է «ժողովրդի միջից» լինեն, 123-ը` հասարակության այլ շերտերից:
Նախագահի պաշտոնանկության համարող պայքարող ընդդիմադիրները նոր Սահմանադրությունը ոչ լեգիտիմ են ճանաչում, այդ իսկ պատճառով նրանց մասնակցությունը ընտրություններին հարցականի տակ է մնում:
Թեև Սիրիայի նախագահը խոստացել էր իր համաքաղաքացիներին քաղաքական բարեփոխումներ իրականացնել դեռևս 2011 թվականի գարնանը, սակայն նոր Սահմանադրության ընդունումն ու արտահերթ ընտրությունների նշանակումը տեղի ունեցավ միայն մեկ տարի անց, երբ երկրում սկսեցին էլ ավելի մեծ թափ ստանալ զինված բախումները: