Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ – 115 պատանի, 115 մեխակ` Եղիշե Չարենցի 115-ամյակին

ՖՈՏՈՇԱՐՔ – 115 պատանի, 115 մեխակ` Եղիշե Չարենցի 115-ամյակին

Երևանի տարբեր վարչական շրջանների դպրոցների 115 պատանիներ այսօր 115 մեխակներ են դրել Եղիշե Չարենցի հուշահամալիրին՝ նրա ծննդյան 115-ամյակի կապակցությամբ:

«Լավ կլիներ, իհարկե, որ բոլոր տղաները գանգրահեր լինեին, նույնիսկ հումոր արեցին, թե հիմա կա գանգրացնելու հնարը, բայց թե հայ տղային չես տանի արհեստականորեն գանգրացնելու՝ ովքեր գանգրահեր են,ովքեր էլ ոչ, միևնույն է մասնակցելու են: Մտահաղացումը Երևանի Քաղաքապետարանի կրթության բաժինն է: Ընտրությունը կատարվել է տարբեր դպրոցների պատանիների շրջանում:

Պատվիրվել էին վերնազգեստներ՝ չարենցյան տողերով ու կեպիներ` Չարենց 115 գրությամբ, սակայն, որպեսզի երեխաները չմրսեն, մտածեցինք «Գանգրահեր տղայի» կերպարով նշանավորել այս օրը: Չարենցը պատվիրել է ամուր պահել մեր երկիրը, մենք էլ տեր ենք այդ պատգամին ու երթով հաստատում ենք այն», -Epress.am- ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը:

Եղիշե Չարենցի Տուն-թանգարանից մեկնարկած երթին մասնակցում էին Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների ուսուցիչներ ու աշակերտներ:

Ի դեպ՝ չարենցյան «գանգրահեր տղաների» հետ հուշահամալիր էին շարժվում նաև տարբեր դպրոցների աշակերտուհիներ:

«Աղջիկներին ասել էինք, որ հնարավորինս քիչ երևան երթի ընթացքում, սակայն, ինչպես տեսնում եք՝ միացել են իրենց դասընկեր գանգրահեր տղաներին», – ասել է Աչոյանը և հավելել, որ նմանատիպ միջոցառումներով Չարենցը ոչ թե կտարալուծվի, այլ կամբողջանա երեխաների մեջ:

 

Հատված Եղիշե Չարենցի «Գանգրահեր տղան» բանաստեղծությունից.

…Նայում է ապա նա փոշոտ քարին

Աղեղանման հոնքերի տակով…

Գրված է վրան.— «Եղիշե Չարենց,

Բանաստեղծ, ծնված Մակու

քաղաքում»: Կարդում է նա իր աչքերով ծավի,

Ժպտում է, հիշում կարծես ինչ-որ բան,

Քաղում է ապա մի կանաչ բաղեղ —

Ու շարունակում իր թողած ճամփան:

Ծիծաղով հնչուն ու արծաթաձայն

Միանում է նա կրկին շարքերին —

Եվ, հուշի նման հավիտյան անցած,

Մնում է հանդում մի կորած շիրիմ…

Լսո՞ւմ ես՝ այդտեղ իմ սի՛րտն է թաղած,

Կոխոտի՛ր նրան քայլերով քո լույս,

Օ, դո՛ւ, գալիքի գանգրահե՛ր տղա,

Մեր լա՛վ գալիքի ոսկեհե՛ր մանուկ…