Երկուշաբթի Yahoo կորպորացիան Կալիֆորնիայի Սան Խոսե դատարանում հայց է ներկայացրել ընդդեմ Facebook սոցիալական ցանցի` մեղադրելով վերջինին իր տեխնոլոգիաներից ապօրինաբար օգտվելու մեջ: Ըստ Reuters-ի` սա սոցիալական մեդիայում առաջին օրինական «մարտն» է ժամանակակից տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների միջև։
Ամենախոշոր որոնողական համակարգին տիրապետող Yahoo ընկերությունը դատական հայց է ներկայացրել Facebook-ի դեմ միանգամից 10 պատենտների հարցում հեղինակային իրավունքների ոտնահարման համար։ Facebook-ը ստիպված կլինի բացատրություն տալ մի շարք տեխնոլոգիաների կիրառման համար, ինչպես օրինակ հաղորդագրությունների փոխանակում, լրահոս, մեկնաբանությունների հնարավորություն, գովազդների հայտարարություններ և սպամի կանխարգելում։
«Ցավոք սրտի, մենք չկարողացանք հարթել մեր տարաձայնությունները Facebook-ի հետ խաղաղ ճանապարհով, արդյունքում ստիպված եղանք դիմել դատարանի օգնությանը»,-հայտարարել է Yahoo-ի ներկայացուցիչը:
Միաժամանակ Facebook-ի խոսնակ Ջոնաթան Տոն հայտնել է, որ դատական հայցի մասին տեղեկացել է լուրերից: Ըստ նրա` Yahoo-ի գործողությունները զարմանք են առաջացրել. «Մենք հիասթափված ենք, քանի որ Facebook-ի հետ համագործակցությունից միայն շահ ստացած մեր հին գործընկերը, որոշել է դիմել դատական մարմիններին»,- ասել է կայքի ներկայացուցիչը: